Մատչելիության հղումներ

Մելիքյան․ «Պետք է դռան վրա ցուցանակ կախեին, որ՝ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում»


«Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է՝ հայտարարում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Լրագրողների հետ զրույցում այսօր Մելիքյանն ասաց՝ հասարակությունը իրավունք ունի իմանալ, թե ինչ բարքեր են տիրում և ինչ խաղի կանոններ են գործում Երևանի քաղաքապետարանում, քանի որ դա ընտրովի մարմին է և բյուջեից է ֆինանսավորվում․ ֊ «Եթե թղթախաղով զբաղվողները իսկապես ուզում էին, որ ոչ մեկը չիմանա, պետք է դուռը փակեին կամ դռան վրա ցուցանակ կախեին, որ՝ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում, խնդրում ենք չխանգարել»:

Լրագրողական 9 կազմակերպություններ ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ իրավապահներից պահանջելով քրեական գործ հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանից էլ նրանք պահանջում են խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին։

Փետրվարի 19-ին, երբ «Ազատության» և «Ա1+»-ի տեսախցիկները արձանագրեցին քաղաքապետարանի սենյակներից մեկում խաղաթղթեր, և ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այդ սենյակում հավաքվողները մշտապես թղթախաղով են զբաղված, տեղեկատվության վարչության պետը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին դուրս հանեց քաղաքապետարանից: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ կարգ է խախտվել, առանց աշխատակազմի թույլտվության լրագրողները իրավունք չունեն շենքում շրջել՝ անգամ ավագանու անդամի ուղեկցությամբ։ Ու քանի որ, ըստ Գևորգյանի, «կարգ էր խախտվել», նա լրագրողներին արգելեց նաև մտնել Փոստանջյանի աշխատասենյակն ու նրա հետ հարցազրույց վարել։

Մելիքյանն ասում է՝ հետագա զարգացումները ցույց են տալիս, որ քաղաքապետարանը լուծումներ գտնելու և լրագրողների հետ փոխզիջման գնալու փոխարեն հակառակն է անում։ «Ազատություն» ռադիոկայանին և «Ա1+» հեռուստաընկերությունը քաղաքապետարանը պաշտոնական նամակ է ուղարկել, պահանջելով պարզաբանել, թե ինչ միջոցներ են ձեռք առնվել նկարահանող խմբերի նկատմամբ:

Ի դեպ, քաղաքապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպից ժամեր անց Տարոն Մարգարյանը իր ենթականերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել լրագրողների աշխատանքը, ինչպես նաև քաղաքապետարանի շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը կանոնակարգելու վերաբերյալ։

«Եթե դու գալիս ես քաղաքապետարան և պետք է զբաղվես քաղաքապետի գովքով, ապա խնդրեմ՝ ուզում ես ման արի, ուզում ես՝ հարցազրույց վերցրու: Բայց եթե դու քննադատելու ես, ուրեմն ես ինձ իրավունք եմ վերապահում ոչ միայն խոչընդոտեմ քո գործը, այլ նաև դիմեմ քո ղեկավարին ու հարցնեմ՝ պատասխանատվության ենթարկե՞լ ես, թե չէ: Կարծում եմ, որ այս միջին օղակի պաշտոնյային ինչ֊որ մեկը սովորեցրել է, որ լրատվամիջոցները իր ենթականերն են», ֊ մեկնաբանեց Աշոտ Մելիքյանը:

ԽԱՊԿ ղեկավարը լրագրողների իրավունքների խախտման օրինակ է համարում նաև այն, երբ Կառավարությունում որոշվում է նիստերը դռնփակ անցկացնել։ Փետրվարի 1-ին գործադիրը հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով էլ նախատեսվում է այս փոփոխությունը։ Նախագիծը հաստատելուց հետո գործադիրն այն անհետաձգելի կարգով ուղարկել է Ազգային ժողով՝ քննարկման։

«Առհասարակ, սա հղի ուրիշ լուրջ վտանգներով՝ կոռուպցիոն ռիսկերով, հաշվետվողականության բացակայությամբ: Հասարակությունը, փաստորեն, կարող է իմանալ միայն այն տեղեկությունները, որոնք նպատակահարմար կգտնի Կառավարությունը, իսկ դա անընդունելի մոտեցում է: Նաև Կառավարության անդամները իրավունք չունեն ինքնուրույն ինչ֊որ տեղեկություն հայտնել լրատվամիջոցին, եթե դրա թույլտվությունը չունեն վարչապետից», ֊ մեկնաբանեց Մելիքյանը:

Լրագրողական կազմակերպությունները այս առնչությամբ ևս հայտարարություն են տարածել՝ իշխող Հանրապետականից ու Դաշնակցությունից պահանջելով վերանայել օրենքի նախագծի վիճահարույց կետերը։ Դիմել են նաև միջազգային կազմակերպություններին։ Միջազգային կառույցները դեռ չեն արձագանքել։

«Սա այն հարցն էր, որը իսկապես թափանցիկ աշխատելու, հասարակությանը հաշվետու լինելու կամ կոռուպցիայի դեմ պայքարելու ամենաերևացող խնդիրն է», ֊ ասաց Աշոտ Մելիքյանը: ֊ «Անկեղծ ասած՝ ես էլ չեմ նկատել միջազգային կազմակերպությունների, ես նկատի ունեմ՝ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Եվրոպական միությունն է, որի հետ մեր երկիրը համաձայնագիր ունի, ես չեմ լսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG