Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն են հայտնել սպառազինությունների զարգացման մասին Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունների առնչությամբ: Գերմանիայի կառավարության հաղորդմամբ, երկու առաջնորդներն ընդգծել են, որ այդ զենքերը բացասաբար կազդեն «աշխարհում սպառազինություների վերահսկման ջանքերի վրա»:
Ըստ հաղորդագրության, Դոնալդ Թրամփն ու Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց են ունեցել այս հարցի շուրջ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հայտարարել է, թե երեկ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձի ժամանակ ցուցադրված նորագույն զինատեսակները չեն հակասում աշխարհում միջուկային ուժերի հավասարակշռությանը:
«Մեկ այլ երկիր էլ ունի սպառազինություններ, որոնցից Ռուսաստա՛նը չի կարող պաշտպանվել, և հենց դրանով էլ ապահովվում է ուժերի հավասարակշռությունը», - ասել է Պուտինի խոսնակը, առանց մանրամասնելու՝ որ երկրի կամ ինչ զենքերի մասին է խոսքը: