Մատչելիության հղումներ

Հայտնի է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը


2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել՝ Արմեն Բեկթաշյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում ), Անի Մխիթարյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում ), Սերգեյ Չիչոյանը (5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան), Արմեն Խաչատրյանը, (3 տարի ժամկետով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում), Ռուզաննա Հակոբյանը (3 տարի ժամկետով, ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում):

Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրությամբ ստեղծվող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը,դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

Նախօրեին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում՝ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը։ Խորհրդի առաջին երեք անդամներն ընտրվեցին հինգ, վերջին երկուսը՝ երեք տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG