Կառավարությունը որոշել է խստացնել լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսված պատիժը՝ այսօրվա նիստում հավանություն տալով Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին:
Գործող օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասի համաձայն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչև չորսհարյուրապատիկի չափով: Ըստ նույն հոդվածի երկրորդ մասի, եթե նույն արարքները կատարել է պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա առավելագույն պատիժը կարող է լինել երեք տարի ազատազրկումը: Եվ վերջապես, նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ «առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
Կառավարությունը այսօր հավանություն տվեց, որ փոխվի հենց այս՝ երրորդ մասը, քանի որ ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման, գործող կարգով՝ մինչև յոթ տարի ազատազրկումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ 164-րդ հոդվածի առաջին ու երկրորդ մասերով նախատեսված արարքները կատարվել են միաժամանակ: Այսինքն, տվյալ անձը և՛ խոչընդոտել է լրագրողի օրինական գործունեությունը, և՛ հանդիսացել է պաշտոնատար անձ՝ այդ ամենն անելով լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծով առաջարկվում է 164-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ կերպ՝ «սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը․․․»: Այսինքն, եթե տվյալ անձը խոչընդոտել է լրագրողի օրինական գործունեությունը՝ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, և չի հանդիսանում պաշտոնատար անձ, միևնույն է՝ նա նույնպես կարող է ազատազրկվել մինչև յոթ տարի ժամկետով:
Կառավարության այսօրվա նիստում հարցը ներկայացնում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը․ - «Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա էին թերություններ, որոնք հնարավորություն չէին ընձեռում պայքար վարել, հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է Քրեական օրենսգրքում որոշակի շտկումներ կատարել, ավելի արդյունավետ դարձնելու այդ պայքարը»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, անշուշտ դրական է օրենքի ցանկացած հստակեցում, սակայն էլ ավելի կարևոր է, որ իրավապահ մարմինները միշտ կիրառեն նշված 164-րդ հոդվածը բոլոր այն դեպքերում, երբ խոչընդոտվում է լրագրողի օրինական գործունեությունը․ - «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ և՛ իրավապահ մարմինները, և՛ դատական մարմինները շատ հաճախ խուսափում են այդ հոդվածը կիրառելուց և մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ ակնհայտ է այդ խոչընդոտումը: Համենայնդեպս և՛ տեսագրությունները, և՛ լուսանկարները՝ նույն «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նույն Սարի թաղի իրադարձությունների ժամանակ կամ դրանցից դուրս բազմաթիվ իրադարձություններ մենք ունենք արձանագրած, երբ ակնհայտորեն խոչընդոտվել է լրագրողի գործունեությունը, բայց իրավապահ մարմինները մերժել են քրեական գործ հարուցելը»:
Մելիքյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ իշխանությունները ձեռնամուխ եղան այս հստակեցմանը՝ նախորդ շաբաթներին իրենց հասցեին հնչած սուր քննադատությունից հետո, երբ որոշում կայացվեց Կառավարության նիստերը դռնփակ անցկացնել, և երբ Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը․ - «Փակ աշխատելով՝ իշխանությունները չեն կարող լրագրողների միջոցով հանրությանը հասցնեն իրենց աշխատանքի էությունը: Այստեղ կխաթարվի հաշվետվողականությունը, խոսք նույնիսկ չի կարող գնալ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, երբ այդպիսի փակ ռեժիմով է աշխատում իշխանությունը: Եվ, իհարկե, առաջին հերթին այստեղ տուժողները լրագրողներն են, որովհետև իրենք պետք է լուսաբանեն այդ ամենը, իսկ իրենց աշխատանքը լուրջ սահմանափակման է ենթարկվում»: