Մատչելիության հղումներ

Պուտինի ուղերձի ընթացքում Դաշնային ժողովում ցուցադրվել են նոր հրթիռների փորձակման տեսահոլովակներ


Միացյալ Նահանգների հակահրթիռային համակարգի զարգացման ծրագրին ի պատասխան՝ Ռուսաստանը ստեղծել է նոր միջուկային հրթիռներ՝ այդ թվում նոր «Սարմատ»-ը, որոնք ի զորու են շրջանցել ամերիկյան հակահրթիռային համակարգը։

Նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձի ընթացքում ցուցադրել է նոր հրթիռների փորձարկումների տեսահոլովակները: Պուտինը նաև հավելել է, որ ցուցադրվածը դեռ ամբողջ նոր սպառազինությունը չէ․ - «Ռուսական բանակն է՛լ ավելին ունի»:

Դիմելով Արևմուտքին, և առաջին հերթին, Միացյալ Նահանգներին՝ Պուտինն ասել է․ - «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք: Եթե Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ որևէ միջուկային զենք կիրառվի, փոքր կամ միջին, կամ որևէ այլ հեռահարության զենք, մենք դա դիտելու ենք որպես հարձակում մեր երկրի վրա, և անհապաղ պատասխան ենք տալու»:

Պուտինի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրաժարվել են Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության մասին բանակցություններից։ Նա այսօր մոտ քառասուն րոպե խոսել և ցուցադրել է ռուսական նոր միջուկային սպառազինությունը և հայտատարել է, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները չեն կարող զսպել Ռուսաստանին:

Պուտինն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Ռուսաստանի հետ ոչ ոք չէր ուզում հաշվի նստել, քանի որ Ռուսաստանը թույլ էր, մեծ տարածքներ էր կորցրել, տնտեսությունը անկման մեջ էր: Այսօր, սակայն, Պուտինի պնդմամբ, Ռուսաստանը վերականգնել է իր հզորությունը։

Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ուզում հարձակվել որևէ երկրի վրա, պատրաստ է հավասարը հավասարի հետ համագործակցության, և Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը «այսօր էլ Ռուսաստանի գործընկերներ են»: Որպես համագործակցության լավ օրինակ, նա բերել է Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը։

նոր սպառազինության մասին Պուտինի հայտարարությունները, ցուցադրված տեսահոլովակները դահլիճում հավաքված սենատորներն ու նախարարները, Պուտինի վստահված անձինք լսում էին մեծ հրճվանքով, ժամանակ առ ժամանակ ծափահարում և ոտքի էին կանգնում։

Ուղղերձի առաջին մասում Ռուսաստանի նախագահը խոսել է սոցիալական խնդիրներից՝ շռայլ խոստումներ տալով ռուսաստանցիներին։ Օրինակ, խոստացել է առնվազն երկու անգամ նվազեցնել աղքատությունը: Իսկ Ռուսաստանում, Պուտինի իսկ բերած տվյալներով, աղքատների թիվը շուրջ 20 միլիոն է: Նա խոստացել է հիպոթեկային վարկի բազային տոկոսադրույքն իջեց մինչև 7 տոկոսի, բարձրացնել բժիշկների աշխատավարձը, երկու անգամ ավելացնել առողջապահությանը հատկացվող բյուջեն, ավելի շատ գումար հատկացնել ճանապարհաշինությանը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկա 5-7 տարիներին Ռուսաստանը պետք է ընգրկվի ամենազարգացած տնտեսությամբ երկրների հգնյակում։

Որպեսզի հնարավոր լինի իրականացնել բոլոր այս սոցիալական խոստումները, Պուտինը մտադիր է զարգացնել Ռուսաստանի տնտեսությունը, այդ թվում նաև՝ բիզնեսի ազատականացման շնորհիվ:

Նա, մասնավորապես, ասել է․ - «Կոռումպացված չինովնիկների չպետք է խանգարեն բիզնեսին, անհրաժեշտ է հնարավորինս ազատականացնել բիզնեսը, իսկ ստուգումները նվազեցնել և դարձնել բացառություն»:

Վլադիմիր Պուտինը նաև ժողովրդավարությանն է անդրադարձել՝ ասելով, թե Ռուսաստանը «կայացել է որպես ժողովրդավարական հասարակություն»:

Հակիրճ անդրադառնալով խնդիրներին՝ Ռուսաստանի նախագահը ասել է, որ երկիր հիմնական խնդիրը տեխնոլոգիական հետամնացությունն է:

Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահը ուղերձով դիմում է սովորաբար դեկտմեբերին՝ ամփոփելով ավարտվող տարին և ներկայացնելով գալիք տարվա զարգացման հիմնական ծրագրերը: Այս անգամ, սակայն, Պուտինը ուղերձով ելութ է ունեցավ այսօր՝ ընտրություններից երեք շաբաթ առաջ, և փորձագետները սա արդեն ընկալում են որպես նախագահի թեկնածուի նախընտրական ծրագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG