«Երկիր ծիրանի»-ի առաջին կանգառն Ազգային անվտանգության շենքի հարակից տարածքն էր, պաստառների մի մասը վերաբերվում էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներին։
«Նաև դուք, ԱԱԾ աշխատակիցներդ, ոստիկանության և այլ ուժերի՝ մեր հայկական Զինված ուժերի հետ համատեղ օպերացիա իրականացրեցիք, և Ազատության հրապարակում ցասում իրականացնող մեր հանրությանը բռնի ուժով հանեցիք և հետագայում՝ արդեն երեկոյան, մեր հայրենակիցներին գնդակահարեցիք Երևանի փողոցներում», - ասաց կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Մարտի 1-ի 10 զոհերի նկարների պաստառներով մարտիմեկյան բողոքի ակցիա իրականացնող «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Հայաստանի իշխանություններից բացի նաև, ԱԱԾ աշխատակիցներին մեղադրեց 2008-ին անօրինական հրամաններ կատալու, ապա Մարտի 1-ի գործը քնեցնելու մեջ․ - «Չեք ցանկանում կանչել մեղավորներին պատասխանատվության, թեպետ մեղավորները բացահայտ են: Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան զույգին առաջին հերթին պետք է կանչեիք պատասխանատվության»:
Կիսաբաց պատուհաններից ակցիային հետևող ԱԱԾ աշխատակիցներին և ցույցը ուղեկցող ոստիկաններին «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոչ էին անում միանալ ցուցարարներին՝ նշելով, որ մարզերում շրջելուց հետո այժմ բողոքի ակցիաներ են անելու Երևանում, իսկ իրական ժողովրդավարություն հաստատելուց հետո, խորհրդային ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե)՝ ներկայիս ազգային անվտանգության ծառայության շենքը՝ իր հայտնի նկուղներով, վերածելու են ժամանակակից արվեստի թանգարանի։
«Բոլորս պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցներում: Այլ կերպ հնարավոր չէ փոխել, շտկել քաղաքական վիճակը: Միակ խնդիրը մեր քաղաքական է: Այս շենքը պետք է դառնա ժամանակակից արվեստի թանգարան: Բանտը նույնպես պետք է վերանա», - ասաց Փոստանջյանը:
«ԱԱԾ-ի աշխատակիցները, ովքեր ամաչում են իրենց կրած համազգեստից և իրենց կրած գլխարկից, պարտավոր են պարզապես այդ գլխարկները ոտնատակ տալ ու դուրս գալ այդ համակարգից, որովհետև հայրենիքը մեր բոլորինն է», - հավելեց ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամ Մարինե Խաչատրյանը:
«Երկիր ծիրանիի» հաջորդ կանգառը Գլխավոր դատախազության շենքն էր, ապա՝ Արդարդատության նաախարարության, որին մոտենալ, սակայն, ոստիկանները ցույցի մի քանի տասնյակ մասնակիցներին թույլ չտվեցին։
Երթի մասնակիցները այնուհետև շարվեցին դեպի Մյասնիկյանի արձանի հարակից տարածք, ծաղիկներ դրեցին զորհերի հիշատակին: Ապա Փոստանջյանը վերհիշեց 2008-ի իրադարձությունները՝ տեղի ունեցածի մեղքի սլաքներն ուղելով ոչ միայն Հայաստանի գործող և երկրորդ նախագահների ուղղությամբ, այլև առաջին նախագահ, ընդդիմադիր Լևոն Տեր Պետրոսյանի․ - «Լևոն Տեր-Պետրոսյանին մինչև այս դիրքավորումը խնդրեցինք, որպեսզի գար այստեղ: Նա պատասխանեց, որ դա ինքնաբուխ հավաք է, իր շտաբը այս պահին չի գործում, իր շտաբը իր տանից դուրս գալու մասին որոշում չի կայացրել, և դա իր ժողովուրդը չէ»:
«Երկիր ծիրանի»-ի վերջին կանգառը Լեոյի փողոցն էր, քանի որ, Փոստանջյանի խոսքով, 10 զոհերի մեծ մասը ընկել է հենց այնտեղ։