Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին վերընթերցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը


Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը, արխիվ:
Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը, արխիվ:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի ուշադիր կարդան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից շաբաթ օրն ընդունված բանաձևը», - երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Անկարային նման կոչով դիմեց Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը` պնդելով, որ 30-օրյա հրադադարի մասին բանաձևում տեղ գտած պահանջը վերաբերում է Սիրիայի ողջ տարածքին` ներառյալ քրդաբնակ Աֆրինը․ - «Ես կոչ են անում Թուրքիայի իշխանություններին մեկ անգամ ևս ընթերցել շաբաթ օրը միաձայն ընդունված այս բանաձևի տեքստը, որով կոչ է արվում Սիրիայի ողջ տարածքում առնվազն 30 օրով հրադադար հաստատել: Դա հնարավորություն կտա մարդասիրական օգնության կայուն և առանց խոչընդոտների առաքումներ իրականացնել, ինչպես նաև՝ միջազգային օրենսդրության շրջանակներում կազմակերպել ծանր վիրավորների և հիվանդների տարհանումը»:

Պետքարտուղարության խոսնակը նաև հիշեցնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հեղինակները այդ փաստաթղթում հատուկ ընդգծել են, որ հրադադարը տարածվում է Սիրիայում գործող բոլոր խմբավորումների վրա` բացառությամբ «Իսլամական պետության», «Ալ Քաեդայի» և «Ջաբհաթ ան Նուսրա» ճակատի, որոնց դեմ պայքարը չի դադարելու նաև հրադադարի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ բանաձևում հստակորեն նշված են այն խմբավորումները, որոնց կրակի դադարեցումը չի վերաբերում», - ասել է Նոյերթը` թափանցիկ կերպով ակնարկելով, որ առավելապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» դեմ ծավալված ռազմական գործողությունները ևս պետք է դադարեցվեն:

Վաշինգտոնից հնչող այս կոչերին Թուրքիայի իշխանությունները բավական կոշտ արձագանքեցին` մեկ անգամ ևս պնդելով, թե Անվտանգության խորհրդի բանաձևը վերաբերում է բացառապես Արևելյան Գուտայի շրջանին և նպատակ ունի վերջ տալ ռուսական օդուժի և Սիրիայի կառավարական բանակի հարվածներին:

«Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակի վերջին հայտարարությունները, իբր Թուրքիան պետք է ավելի ուշադիր կարդա Անվտանգության խորհրդի բանաձևի տեքստը, անհիմն են: Այդ հայտարարությունը վկայում է, որ ամերիկացիները կա՛մ չեն հասկացել, թե որն է այդ բանաձևի նպատակը, կա՛մ այժմ փորձում են նենգափոխել այն», - այսօր տարածած գրավոր հայտարարության մեջ նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Համի Աքսոյը:

«Անկարան կոչ է անում Միացյալ Նահանգներին կենտրոնանալ [Ասադի] վարչակազմի կողմից անմեղ քաղաքացիական անձանց դեմ իրականացվող հարձակումների դադարեցման վրա, այլ ոչ թե հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք օժանդակում են ահաբեկիչներին», - հավելելց է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Աքսոյը նաև նշել է, որ Թուրքիան սիրիական հակամարտության կողմ չէ և Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը նախաձեռնել է բացառապես ինքնապաշտպանության նպատակով:

Հավելեմ նաև, որ հունվարի 20-ից Աֆրինում մեկնարկած թուրքական հարձակումը շարունակվում է, սակայն այդ երկրի Զինուժի գլխավոր շտաբը վերջին օրերին որևէ տեղեկություն չի հաղորդել առաջխաղացումների և նոր գրաված բնակավայրերի մասին: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի այսօր տարածած հայտարարության մեջ միայն նշվում է, որ «չեզոքացված ահաբեկիչների թիվը հասել է 2184-ի»:

Ինչ վերաբերում է Արևելյան Գուտայում ստեղծված կացությանը, ապա այստեղ ևս ՄԱԿ-ի հռչակած հրադադարը ոչ մի կերպ ուժի մեջ չի մտնում: Արդեն երկրորդ օրն է, ինչ հակամարտող կողմերը անտեսում են Ռուսաստանի նախաձեռնած մարդասիրական դադարները: Մարդասիրական միջանցնքերով վիրավորների և խաղաղ բնակիչների տարհանում չի իրականացվում, Սիրիայի կառավարական բանակի հարձակումը, ինչպես նաև օդային հարվածները շարունակվում են: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով, սակայն, Արևելյան Գուտայում իրադրության կայունացումը կախված է բացառապես զինված ընդդիմության ներկայացուցիչներից:

«Ռուսաստանը, Սիրիայի կառավարության հետ միասին, արդեն իսկ հայտարարել է Արևելյան Գուտայում մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին: Այժմ հերթը այնտեղ դիրքավորված զինյալներինն ու նրանց հովանավորներինն է, որոնք խոչընդոտում են մարդասիրական օգնության առաքմանն ու խաղաղ բնակիչների տարհանմանը` շարունակելով գնդակոծել Դամասկոսը», - այսօր Ժնևում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG