Մատչելիության հղումներ

Երուսաղեմում բացվեցին Սուրբ Հարության տաճարի դռները


Այսօր առավոտյան ժամը 4:00-ին Սուրբ Հարության իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերի որոշմամբ բացվեցին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները, որոնք փակվել էին փետրվարի 25-ին՝ ի նշան բողոքի Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման, որով հրահանգված էր հարկեր գանձել Սուրբ երկրի եկեղեցիներից ու վանքերից և Քնեսեթում քննարկվելիք օրինագծի դեմ, որով իրավունք է վերապահվում հրեական պետությանը բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվելու անհատ ընկերություններին կամ ձեռներեցներին:

Ըստ այդ օրինագծի, նաև նոր հանձնաժողով է ստեղծվելու, առանց որի թույլտվության, քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել:

Երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել էր Երուսաղեմի քաղաքապետ Նիռ Բառկատի ու մյուս կառույցների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ որոշվել է հետաձգել թե՛ հարկերի, թե՛ Քնեսեթում նոր նախագծի քննարկումները:

Ըստ Իսրայելի վարչապետի մամլո ծառայության հաղորդագրության, ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը գլխավորելու է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով բանակցություններ է սկսելու քրիստոնյա համայնքների ղեկավարների հետ՝ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Հանձնաժողովի կազմում, ըստ հաղորդագրության, ընդգրկվելու են Իսրայելի արտաքին ու ներքին գործերի, ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն ու Երուսաղեմի քաղաքապետարանի անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG