Մատչելիության հղումներ

«Պնդում անել՝ «Ելք»-ը կքանդվի, թե չի քանդվի, ոչ ոք չի կարող». Արարատ Միրզոյան


Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը խափանելու ուղղությամբ ճանապարհային քարտեզի շուրջ «Ելք» դաշինքում կոնսենսուս ձեռք կբերվի, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Մինչև հիմա փորձը ցույց է տալիս, որ 100 տոկոս դեպքերում մենք կարողացել ենք հասնել բոլորի համար ընդունելի և արդեն ծանրութեթև արած կոնսենսուսի», - Ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «Ելք»-ն «անընդունելի է» համարում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը։

«Ես ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում», - ասել էր Փաշինյանը։

Նա նշել էր, որ դաշինքն այժմ քննարկում է որոշակի ճանապարհային քարտեզ։

Սակայն ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հարցին՝ հնարավո՞ր են «Ելք»-ում որոշակի կազմաքանդումներ լինեն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ չի կազմաքանդվի, բայց պնդում անել՝ կքանդվի, թե չի քանդվի, ոչ ոք չի կարող։ Ոչ մեկ ոչ մի բանի մասին չի կարող այդպիսի պնդում անել»։

Նշենք, որ երեկ իշխող Հանրապետական կուսակցությունն անակնկալ կերպով կողմ քվեարկեց 2008 թվականի «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին։

Ուշագրավ է, որ նախագիծն ավելի վաղ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Հարցին, թե Ելք»-ի համար անակնկա՞լ էր հանրապետականների՝ կողմ քվեարկելու որոշումը, և իրականում ի՞նչ կա թաքնված այս որոշման տակ, Միրզոյանը պատասխանեց. - «Ինձ համար շատ մեծ անակնկալ էր։ «Ելք» խմբակցությունում չենք հասցրել վերլուծել սա։ Կարծում եմ, որ բոլորիս համար էր անակնկալ։ Չեմ կարող նույնիսկ ենթադրություն անել, թե ինչպես եղավ, որ այսպես վարվեցին, միայն մի տենդենց կա իհարկե՝ վերջերս հանրապետականները, երբ խոսում են «Մարտի 1»-ի մասին, փորձում են ամեն ինչ գլորել Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։ Միայն կարող եմ ենթադրել, որ այդ համատեքստում կարող է լինել։ Բայց սա միայն ենթադրություն է և ոչ թե այդպես լուրջ փաստարկված հայտարարություն»։

Ճշտող հարցին, թե ո՞ր է պատճառը, ի՞նչ է փոխվել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Չգիտեմ, շահ կա համակարգի ներսում, ժամանակն է երևի, որ վերջնականապես էդ մարդուն, եթե մինչև հիմա չեն արել, հեռացնեն, ջրբաժան անցկացնեն։ Չեմ իմանում հազար բան կարող է լինել»։

Միրզոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG