Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ Հենց Հանրապետական կուսակցությունը պետք է որոշի, թե ով կարող է ստանձնել իշխանության ղեկը և որ պաշտոնում


Արխիվ – Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ, 5-ը մարտի, 2017թ․
Արխիվ – Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ, 5-ը մարտի, 2017թ․

Սերժ Սարգսյանը, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելուց, նա շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումների, այսօր Ազգային ժողովում հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, թե հենց կուսակցությունը պետք է որոշի, թե ով կարող է ստանձնել իշխանության ղեկը և որ պաշտոնում:

Բաղդասարյանն այս հայտարարությունն արեց՝ պատասխանելով ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք հանրությունը պետք է լուրջ վերաբերվի Սերժ Սարգսյանի՝ պաշտոնապես հնչեցրած հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնում երկրի իշխանության ղեկին:

«Բնականաբար ես լուրջ եմ վերաբերվում Հանրապետության նախագահի յուրաքանչյուր հայտարարության, բայց դուք պետք է նկատի ունենաք, որ մենք հավակնություններով ու ցանկություններով առաջ չենք շարժվում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր վերցրել է երկրի պատասխանատվությունը և մենք պետք է գտնենք նպատակահարմար՝ ով կարող է այդ ղեկը ստանձնել և որ պաշտոնում, և ոչ թե պետք է շարժվենք, թե ով ինչ հավակնություն ունի և ցանկություն», - արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: - «Տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը, բացի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելուց, նա շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումներին», - հավելեց նա։

Հիշեցնենք՝ 2014 թվականի ապրիլի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր․ - «Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG