Մատչելիության հղումներ

Հիմնադիր խորհրդարանի անդամը պնդում է՝ իրեն շինծու ապացույցով 1 տարի պահել են բանտում


Մեկ տարի կալանավայրում պատիժը կրելուց և երեկ ազատ արձակվելուց հետո Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը պնդում է՝ ճաղերի ետևում է հայտնվել քաղաքական պատճառներով, և իրավապահների նպատակն է եղել իրեն հեռացնել Խորենացի փողոցի իրադարձությունների կիզակետից։

«Եղել է քաղաքական պատվեր, որը դատարանի միջոցով ի կատար է ածվել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Միքայելյանը:

2016-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին Խորենացի փողոցի հանրահավաքները կազմակերպող խմբի անդամ Միքայելյանին նախ բերման են ենթարկել, ապա ապօրինի զենք կրելու մեղադրանք առաջադրելով՝ կալանավորել։

«26-ի լույս 27-ի գիշերը, երբ հանրահավաքը ավարտվեց, վերադառնում էի տուն՝ ծնողներիս էի ճանապարհում, երկու-երեք մեքենա մոտեցան, մոտ 10-12 հոգի մեքենաներից դուրս եկան ու ինձ ձերբակալեցին քաղաքացիական հագուստով: Այդ պահին ես չգիտեի՝ ոստիկաններ էին, ձերբակալո՞ւմ էր, առևանգո՞ւմ էր, ի՞նչ էր», - պատմեց Հիմնադիր խորհրդարանի անդամը:

Դատարանը ապացուցված է համարել, որ հենց այդ գիշերը, երբ Միքայելյանը տարվել է ոստիկանության բաժին, նրա գրպանում զենք է եղել. ոստիկաններն ունեցել են օպերատիվ տեղեկություն և նրան բերման ենթարկել, ապա ոստիկանության բաժնում նրան խուզարկելիս հայտնաբերել զենքը։ Մինչդեռ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած Միքայելյանը պնդում է՝ ժանգոտ ատրճանակը իրեն բերման ենթարկելիս են գրպանը գցել, ընդ որում ձեռքերն արդեն շղթայված են եղել։

«Ես չէի, որ պիտի ապացուցեի, որ զենքը իմը չի, այլ իրենք պիտի ապացուցեին, որ զենքը իմն է: Իրենք ոչ մի ապացույց չկարողացան ներկայացնել: Ունեին երկու ընթերակա, որից մեկը իր անուն-ազգանունով, մնացած բոլոր տվյալները խաբել էր: Իրենց ցուցմունքի հիման վրա որոշումը կայացրեցին: Երբ ցուցմունքներն էլ նայում էինք՝ բոլոր ցուցմունքները իրար հակասող էին», - նշեց նա:

Գործով վկաներ են եղել նաև Միքայելյանի ընտանիքի անդամները, որոնք վստահեցրել են, որ նա զենք չի ունեցել և չի կրել: Դատարանի վճռում, սակայն, կարդում ենք՝ «ամբաստանյալ Արմեն Միքայելյանի և վերջինիս մերձավոր ազգականների ցուցմունքներից բացի հնարավոր չէ մատնանշել որևէ այլ ապացույց, որը կհաստատի ոստիկանության աշխատակիցների կողմից հակաօրինական գործողություններ, մասնավորապես զենքը նրա գրպանում տեղադրելու մասին ամբաստանյալի հայտնած տեղեկությունները»։

Բացի այդ, Միքայելյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում ատրճանակի վրա հայտնաբերվել է վերջինիս միայն ձախ ձեռքի մեկ մատի մատնահետքը, սակայն ընդդիմադիր ակտիվիստը պնդում է՝ անգամ մեկ մատով չի կպել զենքին, քանի որ ձեռքերը շղթայված են եղել․ - «Զենքը գտել են իմ աջ հատվածից, մատնահետքը՝ իբր եղել է ձախ ձեռքիս այս մի մատնահետքը: Ես ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունեի զենքին կպնելու, որովհետև շղթայված էի դիմացի մասից»:

Միքայելյանին դատարանում պաշտպանած փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս վստահեցնում է, որ գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով ավելի շուտ հերքվել, քան ապացուցվել է նրա՝ զենք կրելու մեղքը։ Վարոսյանի կարծիքով՝ Հայաստանի իրավապահները շարունակում են գործել խորհրդային ժամանակների ձեռագրով՝ որևէ մեկին քաղաքական հայացքների համար պատժելու համար գրպանը թմրանյութ կամ զենք նետելով․ - «Խնդիրը այստեղ մեկն էր՝ նա հիմնադիր խորհրդարանի անդամ էր, սակայն որևէ հիմք չգտնելով նրան հասարակությունից մեկուսացնելու համար, ստեղծվեց այս զենքի վարկածը: Եվ միակ պատճառը, որ նա մեկ տարի անցկացրեց ճաղերի ետևում, դա իր քաղաքական գործունեությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG