Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացված կլինի Փհենչանի պարալիմպիկ խաղերում


39-ամյա Ստասիկ Նազարյանն, ով 20 տարուց ավելի զբաղվում է լեռնադահուկային, առագաստանավային մարզաձևերով և դահուկավազքով, այս տարի Փհենչանում տեղի ունենալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնի դահուկավազք սպորտաձևում:

39-ամյա Ստասիկ Նազարյանն, ով 20 տարուց ավելի զբաղվում է լեռնադահուկային, առագաստանավային մարզաձևերով և դահուկավազքով, այս տարի Փհենչանում տեղի ունենալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնի դահուկավազք սպորտաձևում:

Երևանում մարզվելու պայմաններ չունենալու պատճառով՝ մարզիկն այլ ճանապարհ է ընտրել․ - «Ստիպված ֆիզիկական մարզանքներ եմ անում, որ լավ մնամ, ուժս չկորցնեմ, որովհետև ամեն ինչ ուժի վրա է»:

88-ի երկրաշարժի ժամանակ ոտքը կորցրած Ստասիկ Նազարյանը 4 անգամ մասնակցել է պարալիմպիկ խաղերին՝ ներկայանալով լեռնադահուկային և առագաստանավային մարզաձևերում․ - «Հաշմանդամությունը ոչ մի անգամ ինձ հետ չի պահել որևէ բան անելուց»:

Հաղթանակի հույս, սակայն, Նազարյանը չունի, ասում է, որ տարվա մեջ 1-2 ամիս մարզումներ անցկացնելն արդյունք չեն տալիս․ - «Մյուս երկրների սպորտսմենների հետ որ խոսում ենք, հարցնում եմ տարվա մեջ ինչքան ժամանակ եք մարզվում, աոսւմ են՝ մենք տարվա մեջ մոտավորապես 7-8 հազար կիլոմետր մարզվում ենք: Այսինքն, մոտավորապես տարվա 10 ամիսը մարզվում են: Շատ լավ արդյունքներ ունեն և շատ լավ սպորտային վիճակի մեջ են, և էդ ամեն ինչը փող արժե»:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ պետությունը լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում այս ոլորտի նկատմամբ և այն զարգացնելու համար բավարար չափով ներդրումներ չեն արվում․ - «Այս քայլերով մենք առաջ չենք գնա: Կան ոլորտներ, որ անիմաստ գումարներ է հատկացվում, և կա մի կարևոր ոլորտ, որ շատ քիչ գումարներ է հատկացվում: Ցավալին այն է, որ պետությունը փորձում է արդարացնել և բացատրել, որ ճիշտ են անում իրենք․․․ որ ընդհանրապես հաշմանդամների սպորտը դա սոցիալական ծրագիր է, մենք աղքատ երկիր ենք: Եթե կարողանում ենք մենք ամբողջությամբ չմեռցնել հաշմանդամների սպորտը, դա մեր էնտուզիազմի շնորհիվ է»:

Մարտի 9-18-ը Փհենչանում կայանալիք պարալիմպիկ խաղերին հնարավոր է Հայաստանը ևս մեկ մարզիկ ներկայացնի՝ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Նրա մասնակցությունը դեռևս հաստատված չէ:

Ստասիկ Նազարյանը պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար դեռևս սպորտային ամբողջական գույքով ապահովված չէ:

Սպորտի և երիտասարդության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչև խաղերի մեկնարկը մարզիկը կունենա համապատասխան գույքը: Նախարարությունից նաև հավաստիացրեն, որ մինչև տարեվերջ մարզիկների համար Ծաղկաձորում կգործի դահուկավազքի ևս երկու վազքուղի, որոնք կապահովվեն արհեստական ձյունով:

Պարալիմպիկ խաղերից հետո կոմիտեն ծրագրում է հանդիպել նախագահի և վարչապետի հետո՝ ներկայացնելու այս ոլորտի խնդիրներն ու կարիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG