Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանում, հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային գործակալության հետ կատարած համատեղ վերլուծության արդյունքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ պատժամիջոցներ:
ԱՄՆ ֆինանսների նախարարի փոխանցմամբ, նոր պատժամիջոցները մոտ ապագայում կսահմանվեն:
«Կարող եք ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա 30 օրում, մենք ի կատար ենք ածում արդեն գործող պատժամիջոցները և նոր որոշումներ սահմանում»,- ասել է Սթիվեն Մնուչինը:
Անցած շաբաթավերջին ֆինանսների նախարարը՝ Սպիտակ տանը խոսելիս պատժամիջոցների մասին, հիշատակել է Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը:
Մնուչինի փոխանցմամբ, այս հարցում իր ղեկավարած գերատեսչությունը սերտորեն համագործակցում է Հետաքննությունների դաշնային գործակալության հետ, որը 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում:
Սպիտակ տան ներկայացուցիչները պարզաբանել են, որ «պատժամիջոցների սահմանումը տհաճ, դժվար և երկարատև գործընթաց է, սակայն այն առաջ է շարժվում մեծ թափով»:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նաև չի բացառում, որ ռուսները կփորձեն միջամտել այս տարվա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի «միջանկյալ» ընտրություններին:
Փետրվարի 16-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է նոր պատժամիջոցների ցանկը, որում ներառված են Ռուսաստանի 13 քաղաքացիներ և 3 ընկերություններ:
Այդ ցուցակում է նաև Եվգենի Պրիգոժինը, ով հայտնի է «Պուտինի խոհարար» մականունով: Ըստ ռուսական աղբյուրների, հենց Պրիգոժինն է վերահսկում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, որը փետրվարի 7-ից 8-ը Սիրիայում ջախջախիչ հարվածի է ենթարկվել:
Պատժամիջոցների ցուցակում են նաև գործարար Պրիգոժինի հետ առնչություն ունեցող ընկերությունները՝ Concord Catering-ը, Concord Management-ը և Ինտերնետի հետազոտությունների գործակալությունը, որը հայտնի է իբրև «տրոլների ֆաբրիկա»:
Այդ «ֆաբրիկայի» հարյուրավոր աշխատակիցներն են ընտրություններին նախորդող շրջանում, ընտրությունների ընթացքում և դրանից հետո հորինել կեղծ օգտահաշիվներ և ապատեղեկատվություն տարածել: «Ֆաբրիկայի» 200-250 աշխատակիցներից մոտ 90-ն զբաղվել է «ամերիկյան ուղղությամբ»:
Նրանք տեղադրում էին շաբաթվա ընթացքում ավելի քան հազար միավոր ինֆորմացիա, որը 2016 թվականի սեպտեմբերին դիտվել է 20-ից 30 միլիոն անգամ:
Ըստ ամերիկյան հետախուզության, Ռուսաստանը նախընտրական շրջանում փորձել է վարկաբեկել նախկին պետքարտուղար, դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին և հաղթանակի բարենպաստ պայմաններ ապահովել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար:
Ամերիկացի օրենսդիրներն անցյալ տարվա ամռանն են ընդունել «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու օրենքը», որը նախագահ Թրամփին, փաստորեն, պարտադրում է պատժամիջոցներ սահմանել, չնայած այն հանգամանքին, որ Թրամփը նախընտրական շրջանում հայտարարել է հաղթանակի դեպքում Մոսկվայի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին:
Ռուսաստանը կտրականապես հերքում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեղադրանքը:
Ռուսների աջակցությունը հերքում է նաև նախագահ Թրամփը, ով ասել է, թե վերջին բացահայտումները վկայում են, որ ռուսները սկսել են ամերիկյան ներքին գործերին միջամտել դեռ 2014 թվականից, երբ ինքը նույնիսկ չէր որոշել՝ առաջադրվել նախագահության թեկնածու: