Մատչելիության հղումներ

Խորհրդարանը կողմ քվեարկեց «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին


Խորհրդարանն այսօր միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին։

«Կարծում եմ՝ ընդդիմությունը կգնահատի իշխանության այս քայլը», - հրապարակելով քվեարկության արդյունքները՝ հայտարարեց ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ուշագրավ է, որ նախագիծն ավելի վաղ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով՝ «ոստիկանությունը 10 տարի առաջ ապօրինի ուժ կիրառեց նախագահական ընտրությունների կեղծման դեմ բողոքի ելած քաղաքացիների դեմ, ինչի հետևանքով Երևանի կենտրոնում 10 քաղաքացի սպանվեց»: - «Միայն այդ սպանությունների գնով Սերժ Սարգսյանը կարողացավ տիրանալ իշխանությանը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

Փաշինյանը հիշեցրեց՝ փետրվարի 23 -ին՝ «Մարտի 1»-ի հարցով լսումների ժամանակ, Հանրապետական խմբակցության անդամները հայտարարում էին, թե «Մարտի 1»-ի սպանությունները պետք է բացահայտվեն, իսկ դասերը պետք է սերտվեն։ Փաշինյանը նշեց, որ այս հայտարարությունը հենց դրա մասին է:

«Մենք սրանով ուզում ենք, որ Ազգային ժողովը քաղաքական կամք արտահայտի և արձանագրի, որ «Մարտի 1»-ի էջն ամենևին փակված չէ և չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունները չեն բացահայտվել», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց՝ իրենց ներկայացրած նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացել, սակայն եթե հարցը լիագումար նիստում քննարկվի, պատրաստ են լսել առաջարկությունները․ - «Կարող են քննարկվել կոնկրետ առաջարկներ, թե ինչ ձևակերպումներով են առաջարկում, որպեսզի Ազգային ժողովը արձանագրի իր քաղաքական կամքը և Մարտի 1-ի բեռի թոթափման ճանապարհային քարտեզ առաջարկի»:

Հայտարարության նախագծով «Ելք»-ն առաջարակում է Ազգային ժողովին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»։

Հայտարարության նախագծում նաև իրավապահներին ուղղված պահանջ կա՝ սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին»:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց՝ «Ելք»-ի ներկայացրած հայտարարության նախագիծն անիմաստ է համարում․ - «Մենք առանձին֊առանձին հիմնավորեցինք, որ այդ կետերը, որոնք մտցված են հայտարարության հիմքում, ընդհանրապես որևէ կերպ ուղղված չեն մեր մտահոգությունները փարատելուն, բայց համաձայն եմ մեր գործընկերների հետ և առաջարկում եմ քննարկման առարկա դարձնենք: Թեև ընդհանրապես գտնում եմ անիմաստ այդ հայտարարության կետերը, բայց որպեսզի դա հանրային քննարկման առարկա դառնա, առաջարկում եմ մտցնենք օրակարգ և քննարկենք»:

Ուշագրավ է, որ նախագիծն ավելի վաղ Պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: Դժվար է հիշել ընդդիմության ներկայացրած որևէ նախագիծ, որ բացասական եզրակացություն ստանալով՝ այնուամենայնիվ քննարկվել է լիագումար նիստերի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարօրինակ է համարել Հանրապետականի այս քվեարկությունը:

Հանրապետական պատգամավոր, Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրած նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասում է՝ Պետաիրավական հանձնաժողովն իր մասնագիտական կարծիքն է հայտնել հայտարարության նախագծի վերաբերյալ, իսկ Հանրապետական խմբակցությունը՝ քաղաքական կարծիք է հայտնում, այստեղ հակասություն չկա:

«Մեր քաղաքական որոշումը հետևյալն է, որ որևիցե մեկից թաքցնելու բան չունենք, կոծկելու բան չունենք, առաջարկում եք քննարկում՝ խնդրեմ, քննարկենք: Սա էր ընդամենը», - պարզաբանեց նա:

Իսկ քննարկելուց բացի՝ արդյո՞ք Ազգային ժողովը կընդունի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն, Նիկոյանն ասում է՝ դժվար է այժմ ասել:

«Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանի համար Հանրապետականի քվեարկությունը աննախադեպ է Մարտի 1-ին վերաբերող նախագծերի առումով, բայց անակնկալ չէ, կարծում է՝ իշխող ուժի մարտավարությունն է՝ միայն քննարկումներով սահմանափակվել․ - «Այս տակտիկան ինձ համար պարզ է, իմ գնահատականով սա տակտիկան՝ սպառել դեբատը, սպառել քննարկումը, բայց դա չի ստացվելու: Ես դա «քայլ ձիով» չէի անվանի, դա «քայլ զինվորով» է, որովհետև զինվորը շախմատում միակ ֆիգուրն է, որը հետ գնալու տեղ չունի»:

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

«Ազատության» հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի քննարկումներից, Մարուքյանը պատասխանեց․ - «Մեր ակնկալիքը նախագծի ընդունումն է: Այսինքն, պիտի քննարկենք և քննարկման արդյունքում պիտի ասենք՝ հիմա ինչի՞ն եք դեմ, ինչո՞ւ եք ուզում դեմ քվեարկել: Որովհետև իրենք ուզում են քննարկեն, վերջում էլի դեմ քվեարկեն: Այ, եթե քննարկումով սպառեն և նախագծին կողմ քվեարկեն, որի մեջ գրված է, որ ընտրությունները կեղծվել են, գլխավոր դատախազը պետք է սա անի, այն մյուսը՝ այն անի․․․ թե կարող են՝ թող անեն: Այ այդ ժամանակ անակնկալ կլինի ինձ համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG