Մատչելիության հղումներ

«Ելք»-ն «անընդունելի է» համարում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը


«Ես ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ «Ելքի» համար անընդունելի է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը։

«Տեսնում ենք քաղաքական պրոցես, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը լինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու, և ասել ենք, որ այս պարագայում ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը կարող է դուրս գալ փողոց և թույլ չտալ խայտառակ այդ զարգացումը։ Ինչո՞ւ է խայտառակ, որովհետև 2004 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածու, ավելին՝ նա ասել է, որ սխալ է համարում, որ ընդհանրապես որևէ անձ երրորդ անգամ պետությունը ղեկավարելու, կառավարելու հայտ ներկայացնի։ Այս կոնտեքստում նաև «Ելք» խմբակցությունը կայացրել է որոշում, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն՝ այդպիսի երրորդ ժամկետն, իր համար անընդունելի է», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ դաշինքն այժմ քննարկում է որոշակի ճանապարհային քարտեզ։ «Ես ինքս հայտարարել եմ, որ դժվար է, ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում։ Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է շանս ունենան և ունենան ռեալ հնարավորություն սրա վերաբերյալ արտահայտելու իրենց տեսակետը և իրացնելու իրենց տեսակետը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ազատության» դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությունում կան տարբեր տեսակետներ, օրինակ՝ Էդմոն Մարուքյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Ելք» դաշինքում և խմբակցությունում միշտ էլ բոլոր հարցերի վերաբերյալ եղել են տարբեր տեսակետներ, և այս ընթացքում մենք քննարկել ենք և մեր դիրքորոշումները մոտեցրել ենք և հանգել ենք կոնսենսուսի։ Հիմա մենք շարունակում ենք աշխատել դրա վրա»։

Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Մինչ այդ՝ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին՝ յոթ տարի ժամկետով։

Փաշինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG