Խորհրդարանն այսօր միաձայն կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության ներկայացրած «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին։
«Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այս հարցը, որպեսզի բաց չմնա, ևս մեկ անգամ քննարկենք, և Հանրապետական խմբակցությունն այդ պատճառով կողմ կքվեարկի», - հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը։
«Կարծում եմ, ընդդիմությունը դրական կգնահատի իշխանության այս քայլը»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նախագիծը խորհրդարանում ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է, որ սպանությունները բացահայտվեն և իշխանությունը արձանագրի, որ «Մարտի 1»-ի էջը փակված չէ և չի փակվելու քանի դեռ սպանության մեղավորները պատժված չեն։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:
Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»:
«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։
Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետական Ռուստամ Մախմուդյանն այսօր հայտարարեց, որ, ՀՀԿ-ական պատգամավորները չեն ժխտել, որ այս հարցը շարունակում է առօրեական լինել։ Մախմուդյանը նաև հավելեց, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը հիմնավորումներ տվել է, թե ինչու է բացասական եզրակացություն տվել նախագծին։