Մատչելիության հղումներ

Թաթոյան. Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք նաև Զարուհի Փոստանջյանի փաստարկները


«Ազատության» ուղիղ եթերում «Տեսակետների խաչմերուկում» հյուրընկալել էինք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Ազատություն». ֊ Արդյո՞ք համարում եք, որ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ նաև պետք է քրեական գործ հարուցվեր, ինչպես «Երկիր Ծիրանի» կուսակցությունում են նշում՝ առևանգելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, լիազորությունների չարաշահելու և այլ հոդվածներով։

Արման Թաթոյան. ֊ Դրանից անմիջապես հետո, երբ արդեն նկատեցինք բռնության գործադրման միջադեպը, միանգամից ուշադրությամբ սկսեցինք նայել խնդրին քրեական վարույթի ընթացակարգի հարց բարձրացնելու առումով։ Եվ, բնականաբար, անմիջապես խնդիրը քննարկեցի գլխավոր դատախազի հետ։ Իհարկե, ստացա այդ պահին պարզաբանում, որ իրենք հանձնարարել են, որպեսզի նյութեր նախապատրաստեն ոստիկանությունում։ Բայց դրանով չբավարարվելով՝ պաշտոնական նամակով հատուկ դիմեցի։

Ընդ որում՝ երկրորդ հարց էլ ենք մենք բարձրացրել։ Այնտեղ որոշակի հրապարակումներ կային, որ լրագրողի աշխատանք է խոչընդոտվել։ Քանի որ լրագրողների աշխատանքը և ընդհանրապես լուսաբանման հետ կապված հարցերը չափազանց կարևոր են, այն էլ՝ կապված ավագանու նիստերի հետ, դրա համար մենք նաև բարձրացրեցինք այդ հարցը։

Հիմա մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք նաև Զարուհի Փոստանջյանի փաստարկները, և նաև մյուս կողմի պարզաբանումները պետք է ստանանք։ Ըստ այդմ, արդեն որքանով իրավասությունը թույլ է տալիս, գնահատականներ կհնչեցնենք։

Մեկ բան հստակ է՝ նմանատիպ միջադեպերը բացառապես պետք է քննվեն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Սա է այն ընթացակարգը, որը հնարավորություն է տալիս հնարավորինս արդյունավետ պարզել միջադեպի հանգամանքները և դրա համար էլ, ըստ այդմ, թելադրված էին նաև մեր գործողությունները։

«Տեսակետների խաչմերուկն» ամբողջությամբ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG