Մատչելիության հղումներ

Փորձագետները բացեր են մատնանշում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծում


Որքանո՞վ է պաշտպանված աշխատողի իրավունքը Հայաստանում։ Ոլորտում առկա խնդիրները կարո՞ղ է լուծել նոր կազմավորվող տեսչական մարմինը, արդյո՞ք «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում շեշտը դրվել է հենց աշխատողի իրավունքի պաշտպանության վրա։ Թեմայի քննարկումն էր այսօր միավորել տեղական ու միջազգային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Քննարկմանը ներկա իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշատակեց աշխատողների իրավունքների խախտման ամենավառ օրինակներից մեկը՝ տարեսկզբին «ՍԱՍ Գրուպում» արված աղմկահարույց ձայնագրությունը, երբ գործատուն սպառնալով ու նաև ծաղրելով հորդորում էր աշխատել «ՍԱՍ»֊ի սեփականատեր, ԱԺ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար։

Սաքունցը հարցրեց՝ տեսչական մարմինը կարո՞ղ է վերականգնել այս աշխատողների խախտված իրավունքները. ֊ «Մենք տեսնում ենք, որ 200-300 հոգանոց խմբում ոչ մեկը չի համարձակվում ծպտուն հանի, երբ որ գործատուն որոշակի պահանջներ է դնում։ Այսինքն, այստեղ խնդիր կա՝ արդյո՞ք Աշխատանքի պետական տեսչությունը կլուծի այդ խնդիրը»։

Կառավարության տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը հիշեցրեց՝ տեսչական մարմինը դատարան չէ, աշխատողն ինքը պետք է իր իրավունքների մասին տեղյակ լինի։

«Միգուցե մարդը, որպեսզի պաշտպանի իր իրավունքները, պետք է իմանա՞, որ այդ իրավունքներն ունի», ֊ նկատեց Այվազյանը։ ֊ «Պետական մարմնի առկայությունից ենք խոսում՝ նույն պարոն Սաքունցի մեջբերած դեպքի առումով, կարծես թե քրեական գործի հարուցում պիտի լիներ։ Հիմա մենք ինչ ենք ակնկալում, որ տեսչություն լիներ այդ հարցը չէ՞ր լինելու, թե՞ այստեղ ընդհանրապես ուրիշ տիպի մարմիններ, ուրիշ տիպի կարգավորումներ են պետք»։

Մինչև 2013 թվականը գործող Աշխատանքի տեսչությունը, որը մի քանի տարի անց միավորվել էր Սանիտարահամաճարակային տեսչության հետ, կոչվեց Առողջապահության պետական տեսչություն, այժմ էլ կոչվում է տեսչական մարմին: «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ի փորձագետ Ավետիք Մեջլումյանը կարծում է, որ այս նոր տեսչական մարմինն առհասարակ չունի այն կարևոր լծակները, որոնք կօգնեն աշխատողին վերականգնել խախտված իրավոււնքը: Կառավարության տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը հակադարձում է՝ նախկին տեսչությունն այդ գործիքներն ուներ, բայց չէին գործում: Պնդեց՝ ստուգիչ ու պատժիչ տեսչական մարմինների առկայությունը մեծացնում էր կոռուպցիոն ռիսկերը, իսկ աշխատողները իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար միևնույնն է՝ կրկին դատարան էին գնում:

Մեջլումյանը վստահ է՝ նոր տեսչական մարմինը թերի գործիքներ ունի. ֊ «Ներկայիս տեսչական մարմինը արդեն զբաղվում է միայն աշխատողների առողջության, անվտանգության հարցերով, ընդ որում՝ այդ հարցերն էլ, կարելի է ասել, որ նեղ են մեկնաբանվում՝ աշխատավայրի կահավորանքը, տեխնիկական սարքերը և այլն։ Հիմա այդ գործառույթը չունի տեսչական մարմինը։ Այսինքն, ստացվում է, որ, օրինակ, անօրինական աշխատողներին չեն կարող բացահայտել»։

Հայաստանում արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը, անդրադառնալով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, ասաց՝ դրանք հիմնականում չեն համապատասխանում սահմանադրությանը, աշխատանքային օրենսդրությանն ու աշխատանքի միաջազգային կազմակերպության այն նորմերին, որոնք ՀՀ-ն վավերացրել է: Փիլիպոսյանը նշեց՝ շատ երկրներում, եթե 1-ից ավելի անգամ երկարացվում է աշխատողի պայմանագիրը, այն դառնում է անորոշ ժամկետով, այսինքն՝ հիմնական: Բայց պայման է դրվում, եթե այդ ընդհատման ժամանակահատվածը՝ մի պայմանագրից մյուսին անցնելը չի գերազանցում 1 ամիսը: Սա ասաց՝ զենք է գործատուի ձեռքին. ֊ «Այս արատավոր պրակտիկան վերացնելու փորձը կարծես թե ի չիք է դառնում հենց այդ նույն փոփոխություններով։ Ես չեմ իմանում, թե տվյալ դեպքում այս փոփոխության իմաստը ո՞րն է»։

Թե՛ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետն ու թե՛ փորձագետ Ավետիք Մեջլումյանը նշեցին՝ Աշխատանքային օրենսգքրում արված փոփոխոթւյուներն ու նոր ձևավորվող տեսչական մարմինը մի շարք կարևոր հարցեր չեն լուծում: Աշխատողը, ում իրավունքը խախտվել է, միևնույնն է՝ դրանք վերականգնելու ճանապարհին մնում է մենակ, միակ ելքն էլ շարունակում մնալ դատարանը: Խնդրով զբաղվող մի շարք փաստաբաններ պնդում են՝ նույնիսկ դատարան դիմելը լուծում չէ, եթե գործատուն զորեղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG