ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն երեկ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում խոսել է այս ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության, ինչպես նաև մրցավարներին թվային տեխնոլոգիաներով աջակցելու հնարավորությունների մասին:
Մոլորակի ֆուտբոլի գոյությունը և զարգացումը կարգավորող կազմակերպության ղեկավարը գովեստով է արտահայտվել աշխարհի առաջնությանը Ռուսաստանի պատրաստվելու մասին: Նա ասել է, թե հավատում է, որ «Ռուսաստանը կանցկացնի աշխարհի լավագույն առաջնությունը»:
Առաջիկայում Ինֆանտինոն կայցելի Ռուսաստան: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից հուլիսի 15-ը կանցկացվի ռուսաստանյան 11 քաղաքներում:
Ինֆանտինոն Բրատիսլավայում անդրադարձել է նաև վիդեոտեխնոլոգիային: Ֆուտբոլային լարված հանդիպումներում չնշանակված կամ սխալմամբ նշանակված 11-մետրանոցը, չճանաչված կամ սխալմամբ ճանաչված գոլը կարող է հիրավի ճակատագրական նշանակություն ունենալ տվյալ խաղի և, հետևաբար, մրցաշարի համար:
Մրցավարների սխալները նվազագույնի հասցնելու համար կարող են կիրառվել հատուկ տեսախցիկներ: Դրանք փորձնական կարգով արդեն կիրառվում են:
Reuters-ի փոխանցմամբ, Ինֆանտինոն ասել է, որ վիճակագրությունը դրական է: «Փաստ է, որ այդ տեխնոլոգիաների օգնությամբ անցկացված մոտ հազար հանդիպումներում մրցավարների ճշգրիտ որոշումների գործակիցը 93 տոկոսից հասել է 99 տոկոսի: Եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել, որ Աշխարհի գավաթի ճակատագիրը մրցավարի սխալով չվճռվի, ուրեմն մեր պարտքն է դա անել», - ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
Սակայն մի խումբ փորձագետներ մատնանշում են վիդեոտեխնոլոգիաների հետ կապված բացասական հանգամանքները: Օրինակ՝ Իտալիայի բարձրագույն խմբում, որը հայտնի է որպես Serie A, եղել են 11-մետրանոցների և գոլերի չեղարկման դեպքեր, ամեն անգամ խաղը մի քանի րոպեով կանգ է առել: Եղել են նաև այլ ձգձգումներ:
Ըստ վիդեոտեխնոլոգիան քննադատող փորձագետների, այդ համակարգը ֆուտբոլը զրկում է արագությունից և անմիջականությունից, անորոշության մեջ է դնում ֆուտբոլիստներին և երկրպագուներին:
Ինֆանտինոյի գործընկերը՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարում «մրցավարների վիդեոաջակցության համակարգը» (video assistant referees, VAR) չի կիրառվի:
Մինչդեռ, ՖԻՖԱ-ի նախագահը պնդում է, որ եթե տեխնոլոգիան հավանության արժանանա, անպայման կկիրառվի Ռուսաստանում:
Հարցը շաբաթ օրը քննարկելու է Ֆուտբոլի ասոցիացիայի միջազգային խորհուրդը, որը մշակում և հաստատում է ֆուտբոլի կանոնները:
«Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե էմոցիաներով, այլ փաստերով», - ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: