Մատչելիության հղումներ

«Արմեն Սարգսյանը դրական զգացողություններ է առաջացրել «Ծառուկյան» դաշինքում»


Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության 30 պատգամավորներից որևէ մեկը սկզբունքորեն դեմ չի արտահայտվել Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ որևէ պարտադրանք Գագիկ Ծառուկյանի կողմից այս հարցում չի եղել, որոշումը կայացվել է ժողովրդավարական սկզբունքների համաձայն։ Ծառուկյանը նախ լսել է բոլոր պատգամավորների տեսակետը, ապա նոր միայն ներկայացրել իր դիրքորոշումը։

Պետրոսյան. ֊ Իսկապես, անկեղծաբար ասում եմ՝ պարոն Ծառուկյանը հատ֊հատ լսել է բոլոր պատգամավորներին, նոր վերջում ասել է իր կարծիքը։ Չի եղել այդպիսի բան, որ փորձի իր կարծիքն ասել, որը կանխակալ նշանակություն ունենա մյուսներիս համար։ Հատ֊հատ լսել է բոլոր պատգամավորներին։ Եթե որևէ մեկը սկզբունքային անհամաձայնություն ունենար, իմ կարծիքով, քաջությունը կբավարարեր...

«Ազատություն». ֊ Չի՞ եղել այդպիսի սկզբունքային անհամաձայնություն։

Պետրոսյանը. ֊ Չի եղել սկզբունքային անհամաձայնություն։ Չի եղել, Դուք կարող եք նաև ճշտումներ անել։ Եվ ազնվաբար եմ ասում՝ պարոն Ծառուկյանը իր կարծիքը արտահայտեց ամենավերջինը՝ լսելով հատ֊հատ բոլորի կարծիքը։

Պետրոսյանի փոխանցմամբ, իրենք չեն կարող դեմ քվեարկել Արմեն Սարգսյանին միայն այն բանի համար, որ նա իշխող Հանրապետականի թեկնածուն է: Սարգսյանի հետ իրենք հույսեր են կապում, հավատալով, որ նա կարող է դրական քայլեր անել երկրում: Իրենց որոշման մեջ Սարգսյանի անձի գործոնը լուրջ դերակատարություն է ունեցել, և եթե Հանրապետականը ներկայացներ նախագահի այնպիսի թեկնածուի, որը վստահություն չէր ներշնչի, իրենք կողմ քվեարկելու որևէ բարոյական պարտավորություն չէին ունենա:

Պետրոսյան. ֊ Չի կարելի ժխտողականության մթնոլորտ սերմանել. եթե հանրապետական է՝ ուրեմն մեր թշնամին է, եթե ընդդիմադիր է՝ ուրեմն մեր բարեկամն է։ Մենք թշնամիներ չունենք քաղաքականության մեջ։ Հիմա այդ մարդը, որ դրական զգացողություններ է առաջացրել, ինձ թվում է՝ այստեղ ոչ մեկին պետք չէ մեղադրել։ Ինքը բարեկիրթ մարդ է, դիվանագիտական հարուստ աշխատանքի փորձ ունեցող, միջազգային հեղինակություն ունեցող։ Գիտեք, եթե լիներ այլընտրանք՝ բնական է՝ մենք կքննարկեինք նաև մյուս տարբերակը։

«Ազատություն». ֊ Այլընտրանք ունեիք, ուղղակի չպաշտպանեցիք, «Ելք»֊ի թեկնածուին նկատի ունեմ՝ Արտակ Զեյնալյանին։

Պետրոսյան. ֊ Այլընտրանք՝ ես նկատի ունեմ, ասենք, նույն քաղաքական ուժի կողմից լիներ, ասենք, ևս երկրորդ, երրորդ թեկնածու։ Հիմա, իրենք մեկ թեկնածու են առաջադրել, ես շատ հարգանքով եմ վերաբերվում Արտակ Զեյնալյանին, նա հայրենասեր, գրագետ, բանիմաց անձնավորություն է։ Բայց դա բավարար չէ, որ մենք կողմ քվեարկեինք կամ միանայինք այդ նախաձեռնությանը։ Առավել ևս մենք ասել ենք բազմաթիվ առիթներով, որ մենք անհեռանկարային մրցակցության մեջ չենք մտնում։ Ի վերջո, փաստը այն է, որ այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքը չունի այնքան ներգրավվածություն՝ քանակական իմաստով, որ կարողանա վճռել այդ հարցը։

«Ազատություն». ֊ Դուք մտավախություն չունե՞ք, որ կասկածի տակ կդրվի «Ծառուկյան» դաշինքի իրական ընդդիմադիր լինելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ դուք ձեր ընդդիմադիր գործընկերներին չսատարեցիք՝ ընդդիմադիր նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին չսատարեցիք ու Հանրապետականի թեկնածուին սատարում եք անկախ այն հանգամանքից, թե ով է այդ թեկնածուն։

Պետրոսյան. ֊ Նորից եմ կրկնում՝ Արտակ Զեյնալյանի հանդեպ անձամբ ես մեծ հարգանք ունեմ, բայց զուտ մարդկային հարգանքը բավարար չէ, որպեսզի քաղաքական ուժը կողմնորոշվի նրա թեկնածության հարցում։

«Ազատություն». ֊ Հիմա այս դեպքում այդպես եք կողմնորոշվել, չէ՞, ասում եք՝ նաև Արմեն Սարգսյանի անձնական, բարոյական նկարագիրը հաշվի առնելով եք որոշում։

Պետրոսյան. ֊ Արմեն Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի, նա միջազգային ճանաչում ունեցող, հանրային հարթակի մարդ է։ Սա պատահական չէ և սա չպետք է անտեսել։ Ի վերջո մենք Հանրապետության նախագահ ենք ընտրում, որը պետության գլուխն է և պետությունը պետք է ներկայացնի արտաքին հարաբերություններում։ Մենք ոչ թե հատկապես կողմ ենք նրա համար, որ Հանրապետական կուսակցությունն է ներկայացրել, այլ հաշվի առնելով իր ծրագրերը, իր տեսլականը։

«Ազատություն». ֊ Արտակ Զեյնալյանի տեսլականին ծանոթացե՞լ եք։

Պետրոսյան. ֊ Արտակ Զեյնալյանենք ուրիշ քաղաքական օրակարգ ունեն՝ մենք ուրիշ։

«Ազատություն». ֊ Հանրապետականն էլ ունի, չէ՞ ուրիշ օրակարգ։

Պետրոսյան. ֊ Արտակ Զեյնալյանը չի ներկայացրել այդպիսի ծրագիր, նա չի հանդիպել քաղաքական ուժերի հետ՝ արտախորհրդարանական ուժերի հետ։ Հիմա ընդամենը, որ Արտակ Զեյնալյանը «Ելք» դաշինքից է, մենք դրա պատճառով, այդ հիմնավորմամբ ասենք՝ ուրեմն մենք մեխանիկորեն միանո՞ւմ ենք։

Մինչդեռ ընդդիմադիր «Ելք»-ում անհասկանալի են համարում իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուին սատարելու՝ «Ծառուկյան» դաշինքի որոշումը։ Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ քաղաքացիները պետք է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության որոշմանը գնահատական տան:

Մարուքյան․ - Այսինքն, եթե քվեարկել են որպես ընդդիմադիր ուժ, որը պետք է ընդդիմադիր գործունեություն ծավալի, բայց հիմա այդ ակնկալիքը չի արդարանում, ընտրողները թող մտածեն, մենք ի՞նչ պետք է մտածենք:

«Ազատություն»․ - Այսինքն, որպես ընդդիմադիր ուժ իրենք չպետք է իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուին սատարեին, ով էլ որ լինե՞ր այդ թեկնածուն:

Մարուքյան․ - Գոնե իմ պատկերացումներով՝ պետք է թեկնածու ունենային, եթե չունեին, կարող էին աջակցել, որ այլընտրանք լիներ: Իմ պատկերացումը սա է: Այսինքն՝ կա՛մ իրենք պետք է ունենային թեկնածու, կա՛մ աջակցեին այլընտրանք ունենալուն:

Հավելենք, որ Հայաստանի 4-րդ նախագահին խորհրդարանը կընտրի այս ուրբաթ՝ մարտի 2֊ին, և հաշվի առնելով, որ «Ծառուկյան» դաշինքը նույնպես կողմ է Հանրապետականի նախագահի առաջադրած թեկնածուին, ապա Արմեն Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրվի հենց առաջին փուլում:

Նշենք, որ միայն խորհրդարանական «Ելք» խմբակցությունն է հայտարարել, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին, թեև իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտել էր՝ քանի որ քվեարկությունը փակ, գաղտնի է լինելու, ապա չի բացառվում, որ ընդդիմադիր «Ելք»-ից նույնպես կողմ քվեարկողներ լինեն:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, բացառեց այդ հնարավորությունը, հակադարձելով՝ իր համոզմամբ հենց իշխող Հանրապետականում կլինեն մարդիկ, ովքեր դեմ կքվեարկեն Արմեն Սարգսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG