Այսօր ռուսաստանյան մի շարք քաղաքներում ակտիվիստները երթերով հարգանքի տուրք են մատուցում Կրեմլի քննադատ, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի հիշատակին:
Երթեր են անցկացվել Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, իսկ օրվա ընթացքում ավելի ուշ նախատեսված են նման միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում և մայրաքաղաք Մոսկվայում:
Նեմցովին դավադրաբար սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ին՝ Կրեմլից ոչ հեռու գտնվող կամրջին:
Մոսկվայի դատարանի վճռով Նեմցովի սպանության գործով մեղավոր են ճանաչվել և երկարատև ազատազրկման են դատպարտվել հինգ տղամարդիկ Չեչնիայից, սակայն Նեմցովի իրավահաջորդների պնդմամբ, դատարանը չի բացահայտել սպանության բուն պատվիրատուներին:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը փետրվարի 22-ին հայտնել է, որ հուշատախտակ կտեղադրվի այն շենքի վրա, որտեղ ժամանակին բնակվել է սպանված քաղաքական գործիչը: Հուշատախտակի տեղադրման առաջարկը ներկայացրել է նախագահության թեկնածու, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը:
Մոսկվայի իշխանությունը նախկինում կտրականապես մերժել է Նեմցովին նվիրված հուշատախտակ տեղադրելու առաջարկները: