ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն կողմ է քվեարկել Սիրիայում հրադադար հաստատելու բանաձևին:
Ըստ բանաձևի, 30 օրով հրադադար կսահմանվի, ինչը կընձեռի մարդասիրական օգնություն բաժանելու և վիրավորներին ռազմական գործողությունների գոտուց դուրս բերելու հնարավորություն:
«Բանաձևի ընդունումը կենսական կարևորություն ունի։ Յուրաքանչյուր րոպեն կարևոր է մարդկանց կյանքը պահպանելու համար։ Հարկավոր է անմիջապես գործի անցնել»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրեն։
Վերջին մեկ շաբաթվա ընթցքում Արևելյան Գուտայում Սիրիայի կառավարական բանակի ռմբակոծությունների արդյունքում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին ասել է՝ բանաձևը կարելի էր ավելի վաղ ընդունել՝ պահպանելով հարյուրավոր կյանքեր։
Նշենք, որ բանաձևի քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել է: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ «Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի կառավարությունը պատասխանատվություն են կրում Սիրիայում ամոթալի մարդասիրական վիճակ ստեղծելու համար»:
Ռուսաստանն ավելի վաղ քննադատել է Անվտանգության խորհրդին առաջարկված բանաձևի նախագիծը, հայտարարելով, թե այն «իրատեսական չէ և հաշվի չի առնում հակամարտության գոտում «Իսլամական պետության» զինյալների գտնվելու հանգամանքը»: