Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թվականին մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018-ի անելիքներին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017-ին կատարված աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, մասնավորապես, մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ աճը 2016-ի նկատմամբ կազմել է 103.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 146 մլրդ 408.6 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 98.6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.8 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900.0 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 115.8 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.7 տոկոս: Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785.4 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 106.0 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4.3 տոկոս: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635.6 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 94.7 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2.8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214.7 մլն դրամ, աճը 2016-ի նկատմամբ՝ 115.5 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս:
Ընթացիկ տարում մարզում իրականացվել է 34 մլրդ 645 մլն դրամին համարժեք ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ, հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում: 2018-ին նախատեսվում է 22 մլրդ դրամի ներդրում միայն մասնավոր հատվածում, 1122 աշխատատեղ:
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ընթացքի մեջ է համայնքների անձնագրերի պատրաստման գործընթացը, որոնք կավարտվեն մինչև մարտի կեսեր: 2017-ին մոտ 200 հազար զբոսաշրջիկ է այցելել՝ 2016-ի համեմատ կրկնակի աճ է արձանագրվել: Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկին Լոռու մարզ բերելու համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատել: Ընդգծելով մարզում առկա տեսարժան վայրերի և հուշարձանների ճիշտ ներկայացման կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ակտիվ աշխատել զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:
Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մարզի համայնքների բյուջեներով 2017-ին նախատեսված մուտքերն ապահովվել են 96.6 տոկոսով, կամ նախատեսված 7333.3 մլն դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086.7 մլն դրամ: 2016-ի համեմատ սեփական եկամուտների կատարողականն ավելացել է 11.1 տոկոսով. Մարզպետը նշել է, որ 100-տոկոսանոց հավաքագրում չի հաջողվել արձանագրել հողի հարկի մասով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականատերերի՝ երկրից բացակայելու հանգամանքով:
Հաստատվել է 2017-2025թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը և ամբողջությամբ պատրաստ է 2018-ի տարեկան գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018-ի ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից Լոռու մարզում ընթացիկ տարում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը, այն է՝ ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։
Նիստի ժամանակ զեկուցվել են նաև այլ ցուցանիշներ, վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
«2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձևավորենք», - հայտարարել է Կարեն Կարապետյանը: