Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության նիստ․ Ծառուկյանը լսել է բոլորին, արդյունքում՝ որոշում է կայացվել հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել իշխող կոալիցիայի թեկնածու Արմեն Սարգսյան թեկնածությանը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Տոնոյանի խոսքով՝ նման որոշում է կայացվել, քանի որ Արմեն Սարգսյանի մոտեցումներն ու տեսլականը համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին:
Նիստի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, մասնավորապես, հայտարարել է․ - «Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: <...> Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Բոլորն էլ լսել են, նա բացի պատգամավորներից, քաղաքական կառույցներից, հասարակական, տնտեսական, կրթական, գիտական՝ բոլորի հետ հանդիպել է և բոլորին էլ ներկայացնելով, որ ինքը պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի, վստահություն լինի, և մեծ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձևավորվի: Ու այսօր այն է ասում, ինչ որ դա մենք բոլորս միասին՝ մեր ասածն է, մեր ցանկությունն է, մեր նպատակն է, որ, այո, արտագաղթը դադարեցվի, ներգաղթ լինի, մարդիկ հետ վերադառնան և կարողանան, վստահություն լինի, որ ներդրումներ լինեն»:
«Իր տեսակետն ու մոտեցումը սա է, որը մենք երկրի համար, ասենք թե, ցանկացող, կամեցող մարդիկ ենք, ուրեմն՝ կողմնակից ենք», - ասել է Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով․ - «Այնպես որ, ես նույնպես ձեր հետ համաձայն եմ, ոնց որ ես եմ մտածում՝ դուք եք մտածում, ինքը որևիցե կուսակցության անդամ չի, միայն ու միայն մնում է, որ նա իր էդ ստեղծած անունն ու հեղինակությունը, որ մինչև այսօր դա ունի, պահի և պահպանի, կրկնապատկի և եռապատկի»:
Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը անցկացվելու է խորհրդարանում՝ մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի՝ առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է 79 ձայն, մինչդեռ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող կոալիցիան առանց «Ծառուկյան» դաշինքի օգնության առաջին փուլով ընտրություն անելու հնարավորություն չէր ունենա: