Մատչելիության հղումներ

Իշխանափոխության օրակարգ Հայաստանում չկա․ Արթուր Բաղդասարյան


«Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարը, Երևան, 24-ը փետրվարի, 2018թ․
«Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարը, Երևան, 24-ը փետրվարի, 2018թ․

Իշխանափոխության օրակարգ Հայաստանում չկա, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ միևնույն ժամանակ պնդելով, թե ինքն անձամբ իշխանափոխություն ուզում է:

«Մենք կարող ենք ընդվզել, մեր բողոքի ձայնը բարձրացնել, բայց օրակարգ դնել՝ ի՞նչ օրակարգ: Օրակարգում միշտ էլ կա, այո: Ես ուզում եմ իշխանափոխություն՝ ո՞նց կարող է չուզեմ, ես ո՞նց չեմ ուզում իշխանափոխություն, ես ուզում եմ երկրում փոփոխություններ տեղի ունենան», - ասաց «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:

Բաղդասարյանը ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է նրան, ում իշխող կուսակցությունը կառաջարկի։ «Սերժ Սարգսյանի՞ն են առաջադրելու՝ թող առաջարկեն, և Սերժ Սարգսյանն էլ ինքը, լինելով վարչապետ, իր իշխանության ծավալով պայմանավորված՝ կկրի համարժեք իրավական և քաղաքական պատասխանատվություն իր գլխավորած կառավարության գործունեության համար: Ես ինքս, որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե, ասենք, լինի, չգիտեմ, Սիմոն Սիմոնյանը, բայց ղեկավարի Աշոտ Աշոտյանը», - ընդգծեց նա:

ՕԵԿ առաջնորդը նաև ասաց, թե մտահոգություն ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցության կողմից որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու առաջադրման առնչությամբ։ «Որպես մարդ շատ լավ եմ վերաբերվում՝ գրագետ, բարեկիրթ անձնավորություն է, որպես մտահոգություն ուղղակի ուզում եմ հնչեցնել, որ Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին՝ առնվազն, եթե չասենք ավելի շատ, Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ մարդ չի եղել, չի ապրել այստեղ, այս ժողովրդի դարդով, հոգսով, ցավով, և, բնականաբար, լոնդոնյան կյանքը բոլորովին տարբերվում է հայաստանյան իրականությունից», - հայտարարեց Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը այսօր տեղի ունեցած համագումարում միաձայն ընտրվեց «Հայկական վերածնունդ»-ից կրկին «Օրինաց երկիր» վերանվանված կուսակցության նախագահ։ Կուսակիցները հոտնկայս ծափահարեցին, և ի վերջո հնչեց Հայաստանի օրհներգը, որը համագումարի մեկնարկին այդպես էլ չէր հնչել տեխնիկական խնդիրների պատճառով։

«Օրինաց երկիր»-ի առաջնորդը ամբիոնից հայտարարեց՝ պայքարելու են երկրում տիրող սոցիալական ծանր վիճակի դեմ, բայց քաղաքական զարգացումներին առայժմ կողքից են հետևելու։

«Ունեցե՞լ ենք սխալներ մենք մեր գործունեության մեջ՝ իհարկե ունեցել ենք: Ճակատագրակա՞ն են եղել այդ սխալները՝ ես չեմ կարծում: Ազնի՞վ են եղել մեր նպատակները՝ իհարկե ազնիվ են եղել, մենք մտածել ենք համախմբվել, համախմբված պայքարել Հայաստանը այս, մեղմ ասած, խորը փոսից դուրս բերելու համար», - ասաց նա:

Ըստ Բաղդասարյանի՝ անցած խորհրդարանական ընտրություններին 3.71 տոկոս ձայն ստացած «Հայկական վերածնունդ» դաշինքը չհաջողված համախմբման փորձ էր, և այսօր «Օրինաց երկիր»-ը վերադառնում է իր ակունքներին։

«Չհաջողված էր՝ այն համախմբման կոնտեքստում, որ ես խոսեցի, բայց, փառք Աստծո, մենք կարողացանք հավաքել շուրջ 60 հազար քվե՝ այս փողի մրցավազքի պայմաններում, 60 հազար ձայն՝ լինելով առաջինը բոլոր արտախորհրդարանական ուժերի մեջ: Ոչ թե մրցակցություն է եղել գաղափարների միջև, Հայաստանում ոչ թե մրցակցություն է եղել քաղաքական հոսանքների միջև, Հայաստանում մրցակցություն է եղել փողի միջև՝ ով ինչքան փող ունի», - «Օրինաց երկիր»-ի համագումարի ամբիոնից հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG