«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօրվա նիստում նախագահ է ընտրել Արմեն Մարտիրոսյանին: Ընդդիմադիր կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սուսաննա Մուրադյանը ընտրվել է վարչության փոխնախագահ, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:
Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի, և Գևորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:
«Ես համոզված եմ և հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգություն»-ը կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը և կենսական ազգային շահերը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք «Ժառանգություն»-ում լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, և մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի», - հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր ավելի վաղ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգության» վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ է անցկացրել Երևանում՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում: Բոլոր մարզերից հավաքված 50 պատվիրակները քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը՝ Շարժման ժառանգության բազմիմաստ լույսի ներքո, ասված է հաղորդագրությունում: