Մատչելիության հղումներ

Չայկովսկու անվան դպրոցի սաների մեծ մասը դառնում են շատ լավ երաժիշտներ․ տնօրեն


Երեխան դաշնամուր է նվագում, արխիվային լուսանկար
Երեխան դաշնամուր է նվագում, արխիվային լուսանկար

Տասնամյակներ շարունակ Հայաստանում մեկ երաժշտական մասնագիտական դպրոց է գործել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը, որն այս տարի նշում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը:

Դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին Երևանի Պետական կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների մի խմբի հիման վրա, այն Չայկովսկու անունն է կրում 1940 թվականից:

Այս ուսումնական տարին դպրոցը սաների առջև իր դռներն է բացել հիմնանորոգված: Դպրոցը ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:

Օրերս աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու՝ դպրոց կատարած այցելության ժամանակ տնօրեն Մարտուն Կոստանդյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում նշում էր․ - «Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը միակ մասնագիտական կրթօջախն է: Դպրոցի համար Պենդերեցկու նման մեծության այցը մի աննկարագրելի միջոցառում է, որը մեզ համար շատ պատվաբեր է»:

Դպրոցի հիմնախնդիրներն են, նշեց տնօրենը, «ոնց որ և միշտ՝ գտնել տաղանդավոր, օժտված երեխաների և սարքել լուրջ մասնագետներ միջազգային մակարդակի, որով որ զբաղվել է միշտ և այս պահին էլ շարունակում ենք զբաղվել դրանով»:

Դպրոցն ունի 600 աշակերտ: «Քանի որ նախարարության ենթակայության տակ է դպրոցը և ֆինանսավորվում է մշակույթի նախարարության կողմից, քանակը աշակերտների ֆիքսված է», - ասաց Կոստանդյանը՝ շարունակելով․ - «Մեր դոմինանտը ավելի որակի վրա է, քան՝ քանակի: Այսինքն՝ քանակի խնդիր այս պահին դպրոցը բացարձակ չունի, մենք նաև այս տարի չենք ունենալու ընդունելության քննություն, որովհետև զրո դասարանում այս պահին ուսում են ստանում 90 աշակերտ, որից մոտավորապես 38-40-ը պիտի ընդունվեն առաջին դասարան: Այսինքն՝ մեր զրոները մեկին երեք ավել են, քան մեզ պետք է առաջին դասարանում: Էդ պարագայում մեզ դրսից ընդունելության կարիք չունի դպրոցը»:

Չայկովսկու դպրոցը, հայտնեց տնօրենը, ունի դաշնամուրային, տեսական, վոկալ, փողային, լարային բաժիններ: Հարցին՝ ամենաշատը որտե՞ղ են գալիս, նա արձագանքեց․ - «Չեմ կարող ասել, որովհետև ինդիվիդուալ է, քանի որ արվեստ է, շատ ինդիվիդուալ է մոտեցումները, ցանկությունները, և հարվածայինները, որովհետև համալրված են գործիքներով, հիասքանչ դասարան է կազմավորվել, տավիղի հիասքանչ դասարան ունենք, լարային գործիքների, դաշնամուրային․․․»:

Հարցին էլ՝ այս երեխաները իսկապե՞ս տաղանդավոր են, «այսինքն՝ մեր երաժշտական ասպարեզը ապահովվա՞ծ է», Կոստանդյանը պատասխանեց․ - «Երեխաները ծնվում են գենետիկորեն օժտված լինելով, որպես ազգ՝ իրականում մենք ունենք շատ օժտված երեխաներ, այս պահին աշխատվում է այն ուղղությամբ, որ նրանք դառնան գրագետ մասնագետներ, մնացածը շատ ինդիվիդուալ է: Քանակը ես չեմ կարող նշել, բայց մեծամասնությունը դառնում են շատ լավ մասնագետներ, շատ լավ երաժիշտներ, համալրում են մեր նվագախմբերը, մենք ունենք բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ: Անցյալ տարի՝ 17 թվականին, միայն 42 միջազգային մրցույթի դափնեկիր է ունեցել դպրոցը»:

«Սիրել այդ գործը՝ մարդ սիրի և ձգտի, նվիրվի, ձգտի, անի», - այս է, Մարտուն Կոստանդյանի կարծիքով, երաժշտական ասպարեզը զարգացնելու համար ամենակարևորը: - «Որովհետև այսօր շատ մեծ հնարավորությունների սպեկտր ունի մեր և՛ երկիրը, և՛ ժամանակահատվածը, այսօր շատ ավելի հեշտ է կապը արտերկրների հետ, տվյալ մասնագետների հետ, միջազգային մրցույթներ, փառատոններ, այսինքն՝ ամբողջ աշխարհը բաց է երեխայի կամ ուսանողի կամ երաժիշտի համար: Այդտեղ մնում է այն հատվածը, որ երեխան ուզենա, սիրի, ձգտի ու զբաղվի այդ աշխատանքով»:

Մարտուն Կոստանդյանը նաև գտնում է, որ Երևանի համար քիչ չէ մեկ մասնագիտական երաժշտական դպրոցը․ - «Հաշվի առնելով, որ մենք ունենք հիասքանչ յոթնամյակներ՝ երաժշտական դպրոցներ, ես համարում եմ, որ այդ յոթնամյակների կողքին ունենալ մեկ մասնագիտական, որովհետև նաև ունենք երկու ուսումնարան, զտվում են այդ յոթնամյակներից երեխաները՝ շարունելով մեր մոտ, հետագայում գնում են Երևանի Պետական կոնսերվատորիա՝ ուսումը շարունակելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG