Մատչելիության հղումներ

Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին հուշագիր ստորագրվեց


Իսրայել-Հայաստան առևտրի պալատը` ի դեմս «Լոջիստիք Էֆ Թի Զի» ընկերության, Գյումրիի քաղաքապետարանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել քաղաքում լոգիստիկ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:

Քաղաքապետարանը պատրաստ է դեպի Մարմաշեն տանող ճանապարհահատվածում, որտեղ խորհրդային շինարարների թողած կիսաքանդ շինություններն են, տրամադրել շուրջ 350 հա հողատարածք:

Իսրայել-Հայաստան առևտրի պալատի նախագահ Ցվի Կան-Տորը դեռ անցած տարվանից բանակցություններ է վարում Հայաստանի կառավարության հետ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ: Գյումրիում ստեղծվելիք լոգիստիկ ազատ տնտեսական գոտու շուկան Եվրասիական միությունն է լինելու, ասաց Ցվի Կան-Տորը:

«Ծրագրի նպատակն է ստեղծել ազատ տնտեսական գոտի հիմնականում լոգիստիկ գործառույթ իրականացնող խոշոր ցանցային ընկերությունների համար, որոնք գալիս են ինտերնետային առևտրի ոլորտից, ինչպիսին են, օրինակ, Amazon-ը, DHL-ը, որոնք զբաղվում են օդային փոխադրումներով: Նաև ընկերություններ կգան, որոնք իրականացնում են դեղերի փաթեթավորում, կենցաղային կամ էլեկտրոնային սարքավորումների հավաքում: Այդպիսի ընկերությունները խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք ունեն կենտրոններ ու մասնաճյուղեր տարբեր երկրներում և իրենց կենտրոնների միջոցով սպասարկում են տվյալ տարածաշրջանները: Գյումրին ընտրված է Հայաստանում որպես կենտրոն եվրասիական շուկան սպասարկելու համար: Որոշ ապրանքներ կարտադրվեն Գյումրիում», - հայտարարեց Իսրայել-Հայաստան առևտրի պալատի նախագահը:

Թե որքան ներդրում կկատարվի ու աշխատատեղ կբացվի, Ցվի Կան-Տորը հստակ թիվ չնշեց, բայց ասաց, որ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում կլինի և մի քանի հազար աշխատատեղ կստեղծվի: Դա հիմնականում կախված է ընկերությունների բիզնես ծրագրերից:

Իսկ արդյոք միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ կա՞ պայմանավորվածություն, նրանք կցանկանա՞ն աշխատել Գյումրիում: «Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք ազատ տնտեսական գոտու կազմակերպչի պայմանագրի վրա, բանակցում ենք կառավարության հետ, և այս փուլերը պետք է ավարտվեն, որպիսի կարողանանք սկսել աշխատանքը հնարավոր ռեզիդենտների հետ», - ասաց Ցվի Կան-Տորը:

Այսինքն, հիմա գնդակն կառավարության դաշտում է՝ կհամաձայնի՞ արդյոք ազատ տնտեսական գոտի ստեղծել Գյումրիում, թե՞՝ ոչ: Ազատ տնտեսական գոտին գլխավոր պայմանն է լոգիստիկ կենտրոնի համար: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ Գյումրին էլ օդանավակայան ունի։ Սրանք են եղել գլխավոր նախապայմանները, որ հենց Գյումրիում ենք ցանկանում ստեղծել լոգիստիկ կենտրոնը», - նշեց Իսրայել-Հայաստան առևտրի պալատի նախագահը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հավելեց՝ կենտրոնի կառուցմամբ տարածքը կմաքրվի շինարարական աղբից, բացի այդ՝ նոր ճանապարհ է նախատեսվում մինչև օդանավակայան:

«Էստեղ քաղաքի պարտավորությունը որն է՝ որպեսզի մենք կարողանանք օդանավակայանից մինչև, ասենք, էս տարածքները՝ Մարմաշենի, մենք ունենանք բարվոք ճանապարհներ: Եվ հիմա մենք պարտավորվել ենք, որ մոտ 14 կիլոմետր ճանապարհ ենք կառուցելու: Սա նույնպես շատ լավ ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք շրջանցիկ ճանապարհ ունենալ ու հասնել, ասենք, Երևանյան խճուղուց միանգամից հասնենք 58 թաղամաս, Մուշ-2 թաղամաս, այսինքն՝ Բուլվարային փողոց երբ որ հասանք, արդեն հաշվենք, որ սա կարևոր շրջանցող ճանապարհ կլինի նաև մեր բնակիչների համար», - հայտարարեց Բալասանյանը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ մեկ այլ լոգիստիկ կենտրոն էլ «Հարավկովկասյան երկաթուղին» կառուցեց Ախուրիկ կայարանում, սակայն մինչ օրս Թուրքիայի հետ սահմանի փակ լինելու պարագայում անհասկանալի է այդպես էլ չգործող ռուսական ընկերության լոգիստիկ կենտրոն կառուցելու նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG