Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը ռումբով պայթեցրել և սպանել է դիվանագետների թաղամասը հսկող անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Գրոհը տեղի է ունեցել այսօր առավոտյան Քաբուլի Շահ Դարաք թաղամասում, որտեղ գտնվում են մի շարք երկրների դեսպանատներ, այդ թվում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գրասենյակները:
Աֆղանստանից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, երկրի արևմտյան հատվածում գտնվող Ֆարահի շրջանում անցած գիշեր թալիբները հարձակվել են բանակի պահակակետի վրա: Գրոհի արդյունքում սպանվել է Աֆղանստանի բանակի 18 զինծառայող: