Մատչելիության հղումներ

2017-ին 14 պատմամշակութային հուշարձանի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել


Հայաստանում կա 24000 պատմամշակութային հուշարձան, որոնց պահպանման և վերականգնման համար ամեն տարի պետբյուջեից որոշակի գումար է հատկացվում:

Ոլորտի պատասխանատուները այսօր Մշակույթի նախարարությունում հրավիրած ասուլիսում նշեցին, որ 2017 թվականին այս ոլորտին հատկացված 250 մլն դրամից 17-ը վերադարձվել է պետբյուջե:

2017-ին 14 պատմամշակութային հուշարձանի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել:

«Պետական բյուջեի 250 միլիոն նախատեսվածից վերականգնողական աշխատանքների համար 199 միլիոն 457 հազար մոտավորապես գումար, նախագծման և ուսումնասիրման աշխատանքներ՝ 11 միլիոն 275 հազար դրամի, որից մնացորդ 17 միլիոն վերադարձ», - ասաց Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Այսինքն, մրցույթները կայացել են ավելի էժան գնով, նախատեսված գումարից ավելի քիչ են հայտատուները դիմել․ այդ խնայված գումարի մասին է խոսքը», - հավելեց Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Խնայված գումարներն արդեն այս տարի կրկին կներդրվեն ամենատարբեր նախագծեր իրականացնելու համար:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան․ - «Մրցույթներն արդեն հայտարարված են, և ցանկացողները կարող են հետևել գործընթացներին սկսած մրցույթի հայտարարությունից՝ թե ինչպիսի կազմակերպություններ հայտեր ներկայացրեցին, մասնակցեցին մրցույթին, մրցույթի արդյունքում ովքեր շահեցին»:

Մի ուշագրավ նորույթ․ այս տարվանից սկսած շինարարական աշխատանքներին, նախարարի խոսքով, ցանկացած մարդ կարող է հետևել․ - «Այս տարվա մրցույթներում պայման է նախատեսված շինարարների համար, և պարտադրված է պայմանագրով շինարարներին, որպեսզի տեղադրվեն առնվազն երեք առցանց տեսախցիկներ, և մեր կայքէջի միջոցով հնարավորություն եք ունենալու 24 ժամ հետևելու ամբողջ շինարարության, վերականգնման աշխատանքին»:

Այս տարի պեղումներ և վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն Ամբերդում, Լոռի Բերդում, Դվինի և այլ հնավայրերում և մի շարք եկեղեցական, վանական համալիրներում:

Արև Սամուելյանը նշեց․ - «Համագործակցում ենք Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Նպատակը այն է, որ տարիների ընթացքում հնավայրերը առավել քան միջնադարյան եկեղեցիները, ավելի երկար ժամանակահատվածում, մի քանի տարվա ընթացքում կբերվեն ընդհանուր տեսքի․․․ Մենք երազում են, որ մի օր անտիկ Արտաշատը և Դվինը կունենանք այնպիսի վայրեր, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ մեր մայրքաղաքների պատմությանը»:

Անցյալ տարի որոշ պատմամշակութային հուշարձանների վերականգման աշխատաներից նախարարությունը դժգոհ էր մնացել:

«Անցյալ տարի թերացած շինարարական կազմակերպություններին մենք հնարավորություն ենք տվել այս տարի լրացնելու իրենց թերացումները, շտկելու բոլոր թերացումները: Բայց ժամկետ ենք նաև նշանակել՝ մինչև մայիս ամիսը», - ասաց Արմեն Ամիրյանը:

Հայտնի է, որ այս ոլորտում շինարարների կողմից որոշակի խախտումներ են հայտնաբերվել նաև 2014-2016 թվականներին կատարած աշխատանքների ընթացքում:

Այս առնչությամբ Մշակույթի նախարարն ասաց․ - «6 շինարարական կազմակերպության մասով արձանագրվել են խախտումներ: Մենք սկսել ենք բանակցել այդ կազմակերպությունների հետ: Որևէ վերջնական արդյունքի չենք հասել: Եվ այսօր մենք գործը ուղարկել են դատախազություն: Ընդհանուր թվով մոտ 65 միլիոն դրամի խախտումների արձանագրություն կա: Եվ հիմա իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով»:

«Ազատության» հարցին, թե որոնք են այսօր այս ոլորտի կարևորագույն հիմնախնդիրները, Արմեն Ամիրյանն արձագանքեց․ - «Վարպետների պակասն է հավանաբար, մասնագետների պակասը: Որը, կարծում եմ, կարող ենք լրացնել իտալացիների հետ ստեղծվող վերականգնողական կենտրոնի միջոցով․․․ Շատ հաճախ շինարարների կողմից մոտեցումը լինում է սովորական շինհրապարակի․․․ Նաև քաղաքացիական վերաբերմունքի խնդիր կա: Մեր հանրության ուշադրությունը, կարծում եմ, պետք է սևեռված լինի մեր պատմամշակութային ժառանգության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG