Մատչելիության հղումներ

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Նիդերլանդների խորհրդարանի շենքը, արխիվ
Նիդերլանդների խորհրդարանի շենքը, արխիվ

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Քվեարկությունից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- նշված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում։

Ենթադրվում է, որ պաշտոնական Անկարան խստորեն կդատապարտի Նիդերլանդների խորհրդարանի այսօրվա որոշումները: Թուրքիան, հիշեցնենք, ջանում էր կանխել այս օրինագծերի ընդունումը։ Անցած շաբաթավերջին այս հարցի շուրջ պաշտոնական Անկարայի դժգոհությունը արտահայտելու համար արտգործնախարարություն էր հրավիրվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG