Մատչելիության հղումներ

«Նախագահին պետք է ընտրի ժողովուրդը». «Ելք»-ը պատրաստվում է դիմել ՍԴ


Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու՝ ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթները, և Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունն անցկացնել համապետական քվեարկությամբ։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով ակնհայտ է, որ մայր օրենքի հեղինակները թերացել են՝ երկիրը կանգնեցնելով Սահմանադրական ճգնաժամի վտանգի առջև․ - «Այդ Սահմանադրությունը կոստյումի նման կարել են Սերժ Սարգսյանի վրա, և քանի որ Սերժ Սարգսյանի հետ կապված թեմա չի եղել դա, այդ թեման այն ժամանակ դեռ կոնկրետ տեր չի ունեցել, որ ասի՝ եղբայր, բա իմ կոստյումը, իմ կոճակը, բա էս կոճակը ճիշտ չեք արել, էս գրպանը սենց չլինի, էդ մասը ըտենց փնթի է մնացել»:

Հանրապետության նախագահի ընտրության կարգն ու նրան ներկայացվող պահանջները սահմանված են նոր Սահմանադրության 5-րդ գլխի 124 և 125 հոդվածներում։ Սակայն անցումային դրույթների, մասնավորապես 209-րդ հոդվածի համաձայն 5-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նոր նախագահի պաշտոնի ստանձնման օրվանից, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005թ Սահմանադրության համապատասխան դրույթները։

Խնդրի մասին առաջինը բարձրաձայնեց Լոնդոնում բնակվող փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա մատնացույց էր արել հենց այս դրույթը՝ պնդելով, որ 4-րդ նախագահը, ինչպես նախորդները, պետք է ընտրվի ժողովրդի կողմից, քանի որ 2005թ․ Սահմանադրությունը հենց դա է պարտադրում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, դաշինքում տեղի ունեցած քննարկումներից հետո իրենք նույնպես հանգել են այդ եզրակացությանը․ - «Եթե ելնենք Սահմանադրության տեքստը բառացի և տառացի մեկնաբանելու անհրաժեշտությունից, ստացվում է, որ պետք է լինեն նախագահի համաժողովրդական ընտրություններ: Բայց հիմա դրանից բխող բազմաթիվ պրոբլեմներ կան: Ես նկատի ունեմ՝ այնպես չէ, որ այս արձանագրումը լուծում է հարցերը, որովհետև հիմա ժամկետներ են բաց թողնված և նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հին ընտրակարգով: Արդեն իսկ քվեարկությունը պետք է տեղի ունենար: Հիմա տեղի չի ունեցել, և այստեղից բացեր են առաջանում և սա կարող է դառնալ իրոք սահմանադրական ճգնաժամ»:

Սահմանադրական դատարան դիմելու համար «Ելք» դաշինքին հարկավոր է 21 պատգամավորի ստորագրություն: Փաշինյան արդեն դիմել է «Ծառուկյան» խմբակցությանը, որտեղից «Ազատությանը» փոխանցեցին՝ հարցը դեռ չեն քննարկել։

Սահմանադրաիրավական այս թնջուկին այսօր անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի դեռևս գործող նախագահ Գագիկ Հարությունյանը։ Վերջինս, հղում անելով անցումային մեկ այլ դրույթի, կարծիք է հայտնել, թե դրանով 5-րդ գլխի՝ նախագահի ընտրության վերաբերող հոդվածը մտել է ուժի մեջ. - «Հստակ սահմանված է, իմ կարծիքով, որ ընտրությունը պետք է կատարվի առաջին անգամ Ազգային ժողովի միջոցով»:

Գագիկ Հարությունյանի մատնանշած 211-րդ հոդվածը սահմանում է՝ «125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»:

Նախօրեին «Ազատությանը» տված հարցազրույցում Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը նույնպես, հղում անելով այս հոդվածին, պնդել էր՝ 4-րդ նախագահին պետք է ընտրի խորհրդարանը:

Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունն այս պահին նախատեսված է անցկացնել խորհրդարանում՝ մարտի սկզբին: Թեկնածուն մեկն է՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG