Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում


Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»:

«Ազատություն»․ - Բոլորին հանդիպեցիք՝ քաղհասարակություն, կուսակցություններ: Կախվա՞ծ էր Ձեր պատասխանը նաև այս հանդիպումներից: Ի՞նչը Ձեզ համոզեք, որ Դուք ընդունեք այդ առաջարկը:

Արմեն Սարգսյան․ - Նախ, իհարկե, բոլորի հետ չհանդիպեցի: Ծրագրում եմ շարունակել իմ հանդիպումները: Եվ, ճիշտն ասած, մինչ խորհրդարանում Հանրապետության նախագահի ընտրության օրը, քանի որ թիվը շատ մեծ է, հույս ունեմ, դրանից հետո շարունակեմ: Ճիշտն ասած, այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու: Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են․ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սակայն, երբ դու Հանրապետության նախագահի թեկնածու ես, և մարդկանց ես հանդիպում, լինի քաղաքական [գործչին] կամ պարզ գյուղացուն կամ արդյունաբերողին, Արցախում լինի, Գյումրիում, լրիվ ուրիշ մոտեցում կա և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Ավելի բաց ցանկությամբ շփվում են հետդ և իրենց սպասելիքն են քեզ ասում: Իհարկե, սպասելիքների սպեկտը շատ անսպասելիորեն կամ սպասելի, շատ մեծ է: Շատերը կարծում են, որ Հանրապետության հաջորդ նախագահը՝ չորրորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ, իներցիայով մտածելով, Հանրապետության նախագահը ամեն ինչ կարող է: Իրականությունը ինչ-որ տեղ երկուսի մեջտեղում է: Եթե առանձնացնելու լինեմ մեկ պատասխան, ես կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ և լիազորություններ՝ Սահմանադրության մեջ ձևակերպված, նախ և առաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում: Հետևաբար մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը: Եվ նաև՝ ինչ-որ ձևով մշակույթ ստեղծել նոր, խորհրդարանական նախագահի:

«Ազատություն»․ - Ձեր կարծիքով, Հայաստանում քաղբանտարկյալ կա՞: Մարդ, որը իր քաղաքական ակտիվության համար կարող է հայտնվել բանտում, ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

Արմեն Սարգսյան․ - Քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրը ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երևույթի մասին, և իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաև հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից: Քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են և՛ քաղաքական համոզմունքներ, և՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է: Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում աև անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որմ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին, առանձնակի քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետև յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է: Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երևույթը: Այս հարցը լուծելու համար, շատ հստակ է, որ և՛ քննչական, և՛ դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան և լինեն իրենց բարձրության վրա:

«Ազատություն»․ - Վստահ եմ, արդեն ծանոթ եք, որ Երևանի ավագանիում այդպիսի բախում տեղի ունեցավ՝ ծեծի ենթարկվեցին «Երկիր Ծիրանի»-ի անդամները, կանայք: Ի՞նչ կարող եք ասել այս մասին։ Որ խոսում էիք Հայասստանի իմիջի մասին, վստահ եմ, որ սա չի նպաստել այդ իմիջին:

Արմեն Սարգսյան․ - Ցավոք սրտի, դա սա երևի միակ բացասական երևույթը չէ, որ վնասում է մեր պետության և ազգային իմիջին: Ես կարծում եմ, այդ հարցին արդեն պատասխանեցի՝ ինձ համար որևէ բռնություն անընդունելի է: Ինձ համար անընդունելի է մանավանդ քաղաքացիական կամ քաղաքական շրջանակներում երկխոսության բացակայությունը, երբ որ երկխոսությունը փոխարինվում է ինչ-որ ուժային գործողություններով: Եվ իհարկե երրորդը, շատ ցավալի է, որ էդ ամբողջ երևույթի մեջ ներգրավված են, ինչպես Դուք բաժանեցիք, տղամարդիկ և կանայք: Դա պարզ գոյատևման էթիկայի պակաս է: Հետևաբար ես որևէ ձևով չեմ կարող արդարացնեմ նմանատիպ երևույթները: Սրանք նույնպես ուժի կիրառման ձևեր են: Եվ կոչ եմ անում բոլորին՝ նորմալ, ցիվիլ, քաղաքացիական ձևով սկսել երկխոսությունը: Եվ կոչը բոլորին է ուղղված․ և՛ այն անհատներին, որոնք իշխանության մեջ են, և՛ նրանց, որ ընդդիմություն են: Կարծում եմ, նմանատիպ երևույթները մեր ազգին վայել չեն, մեր ազգի կերպարին վայել չեն: Մենք հսկայական մարդկային ժառանգություն ունենք մարդկային և պետք է դրանից օգտվենք»:

Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի փետրվարի 25-ին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG