Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն վաղը կորոշի Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը


Խորհրդարանի իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցությունը վաղը նիստ է հրավիրելու, որտեղ որոշվելու է Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետական խմբակցությունն այս շաբաթ Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 16-ին Արմեն Սարգսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ և տվեց իր համաձայնությունը՝ առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Նշենք, որ մարտի սկզբին սպասվող խորհրդարանական քվեարկության ժամանակ նախագահ ընտրվելու համար, ըստ նոր Սահմանադրության, Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները։

Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Ու քանի որ «Ելքն» ի սկզբանե հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, վերջինիս հաղթանակն առաջին իսկ փուլի արդյունքով ապահովելու համար իշխող ուժը հավանաբար կփորձի ստանալ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության առնվազն 14 պատգամավորների ձայները:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ։

Ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Նոր նախագահին մարտի սկզբին կընտրի Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG