Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունը երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Միշել Աունն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լիբանանի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: