Ըստ կառավարության նախագծի, նպատակը բուհերի ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների մշակումն է։
«Օրենքը նախ և առաջ չպետք է խոչընդոտի ոլորտի զարգացմանը», - 40 էջանոց նախագիծը ներկայացնելիս ասաց Կրթության ր գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ապա օրենքի ոլորտի մարտահրավերներից խոսելիս՝ հիմնականում շեշտեց բուհերում աշխատող դասախոսական և ղեկավար կազմի տարիքի հարցը. միջին տարիքի մասնագետները, ըստ վիճակագրության, բուհերից գրեթե բացակայում են։
Մեկ այլ խնդիր, որը կփորձեն լուծել, բուհերում հակակշռումների համակարգի ներդրումն ․ - «Օրենքը նաև ենթադրում է կառավարման համակարգի հավասարակշռություն: Փորձել ենք իսկապես խոշորացնել, ուժեղացնել համալսարանական խորհուրդների դերակատարումը, և եռանկյունին՝ ռեկտոր-համալսարանական խորհուրդ-գիտխորհուրդ,ավելի իշխանության բալանսավորումը իրականացնել»:
Այնուամենայնիվ, ըստ նախագծի, բուհի գիտխորհրդի նախագահը կարող է լինել ռեկտորը։ Սա գրավել էր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունը, ով ասաց, թե նախնական քննարկումներից սպասում էր «ավելի ամբիցիոզ նախագծի»։
Պատգամավորի կարծիքով՝ օրենքը իրական հակակշիռների մեխանիզմ չի ներդնի․ - «Մեզ շատ ոգևորեց նախնական քննարկումների ժամանակ էն գաղափարը, որ ստեղծվելու է ռեկտորներին հակակշիռ գիտական խորհուրդ, որը ունենալու է բացարձակ ինքնավարություն, և որը իրականում լինելու է լուրջ հակակշիռ: Որովհետև միայն իրական հակակշիռների դեպքում մենք կարող ենք խոսել որակական առաջընթացի մասին: Բայց, չգիտես ինչու, միգուցե այն պատճառով, որ ռեկտորները հավաքվեցին և գնացին մի շատ ավելի բարձր տեղ և խնդիրները կարգավորեցին, էդ հարցը «ջրվեց-գնաց» և օրակարգից դուրս եկավ: Հիմա գոնե, մենք կարծում ենք, որ գիտխորհրդի նախագահը ռեկտորը չպիտի լինի»:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, 70 տարեկանի սահմանափակումը անգամ մարդու իրավունքների խախտում համարեց․ - «Նվազագույն քննադատության չի դիմանում նույնիսկ այն կետը, որ ցանկանում եք մոտենալ եվրոպական կրթական չափորոշիչներին։ Աշխարհում ընդունված կա էյջիզմ հասկացությունը, որը նշանակում է տարիքային խտրականություն»:
Քննարկմանը ներկա ԲՈՀ-ի ղեկավար Լիլիթ Արզումանյանը մինչև բովանդակային հարցերին անդրադառնալը, խոսեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքում տեղ գտած հայերենի սխալների մասին․ - «Օրենք գրված է շատ վատ հայերենով, ուղղակի խայտառակ հայերենով»:
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը մանրամասն ուսումնասիրած փորձագետ Արևիկ Անափիոսյանը մեծ փոփոխությունների ակնկալիք չունի, պնդում է, թե տասնյակ հոդվածներից որևէ մեկը չի անդրադառնում Հայաստանի բարձրագույն կրթության, իր կարծիքով 3 գլխավոր խնդիրներին՝ բուհական ինքնավարությանը, ակադեմիական ազատությանը և բուհերի իրական ապաքաղաքականացմանը։
«Ունենք մի էսպիսի տող, որտեղ ասվում է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներ կազմը հաստատելու է վարչապետը: Վարչապետը լինելու է հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը, ըստ մեր նոր Սահմանադրության: Այսինքն, էլ հարց չի մնացել լուծելու, պիտի վարչապետը բուհերի կառավարման խորհուրդները հաստատի»: