Մատչելիության հղումներ

Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության նախագծին


Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովն այսօր ձայների 9 դեմ 5 կողմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ «Ծառուկյան» դաշինքի նախագծին։ Կողմ էին միայն ընդդիմադիրները՝ «Ելքի» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։ Դեմ՝ իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականի ու Դաշնակցության ներկայացուցիչները։

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է հրաժարվել այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգից և Ազգային ժողովի հաջորդ ընտրություններն անցկացնել պարզ 100 տոկոս համամասնական ընտրակարգով` կուսակցության կամ դաշինքի մեկ ընդհանուր ցուցակով:

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ անցած խորհրդարանական ընտրություններն են փոփոխություններ առաջարկելու առիթը։ ֊ «Մենք արդյունքում տեսանք, որ աշխատեց փող հավասար է վարկանիշ բանաձևը», ֊ հիմնավորեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ անցած ընտրությունները ցույց տվեցին՝ ռեյտինգային ընտրակարգը քաղաքական պայքարի հետ կապ չունի․ ֊ «Շատ լավ գիտենք, որ ովքեր էին, ներողություն համեմատության համար, հեգեհանգստյան արարողության տպավորություն թողնող սև վերնաշապիկներով կանգնում ընտրական հանձնաժողովների դեմը և ուղեկցում այսպես կոչված մոլորյալ կամ չկողմնորոշված ընտրազանգվածին»:

Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը դեմ է Ընտրական օրենսգիրք փոխելուն: Փաստարկը հետևյալն էր ԸՕ-ի շուրջ ձևավորվել է քաղաքական լայն կոնսենսուս․ ֊ «Մենք չենք կարող քաղաքական կոնսենսուսով կայացված որոշումը այսպես միանգամից փոխել: Այստեղ անհրաժեշտ է կրկին քննարկումներ, դեբատներ և քաղաքական կոնսենսուսի կայացում»:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց՝ 2016-ին քաղաքական կոնսենսուսը փոխզիջման արդյունքում է ձևավորվել․ ֊ «Հանրապետական կուսակցությունը պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնելու ընդդիմության համար անչափ կարևոր երկու լրջագույն սկզբունքներին, այն է՝ տեսանկարահանմանը և ցուցակների հրապարակմանը»:

Գևորգ Պետրոսյանը վրդովվեց՝ եթե օրենքը կիրառման ժամանակ խնդիրներ է առաջացել, կոնսենսուսն ինչ է՝ անբեկանելի՞ է․ ֊ «Խի՞, օրենքները Աստվածաշունչ են, որ մենք չենք կարող գրիչը վերցնել տողեր ավելացնել, թե՞ Մարտիրոս Սարյանի կտավն է, որ չես կարող վերցնել, շարունակել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի մի դիտարկմանը, թե Սահմանադրության մեջ է ամրագրված՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով․ ֊ «Վախենամ մենք, ինչպես ասում են, այդպես «ուվերեննեի» չպետք է պնդենք, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, որովհետև այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ գիտեն բացառապես նեղ շրջանակ մարդիկ, և եթե գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նկատի են ունեցել համամասնական, շատ հնարավոր է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական: Եկեք մամուլին հետևենք, տեսնենք՝ պարոնայք Թովմասյանը, Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են կարմիր, որովհետև երբեմն նկատի են ունենում սև, երբեմն նարնջագույն, երբեմն սպիտակ և երբեմն նույնիսկ բազկաթոռ»:

Սահմանադրության վերջին փոփոխությունների համահեղինակներից Հրայր Թովմասյանը հակադարձեց Փաշինյանին․ ֊ «Եթե ինչ֊որ մարդ կա, որ Հովհաննես Թումանյան չի կարդացել, կամ կարդում է՝ չի հասկանում, դա չի նշանակում, որ այդպիսի գրող չկա: Այդպիսի գրող կա և այդ մարդու խնդիրն է, թե ինքը գիտի դրա մասին, թե չգիտի դրա մասին, կամ կարդալուց հասկանում է, թե չի հասկանում»:

Արտակ Զեյնալյանը, մոնիթորինգի արդյունքներ վկայակոչելով, ասաց՝ ԱԺ-ում 46 լռող պատգամավորներ կան։ Այս տեղեկությունը իրենց ելույթներում հիշատակողներ եղան։ Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, նշեց․ ֊ «Ինչ որ դուք տեսնում եք՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները որ խոսում են՝ իրենք ընդհանրապես ոչ մի բան չեն որոշում: Իրենք խոսում են այսպիսի գեղեցիկ ֆասադը ապահովելու համար, որը իրենք քննարկում են, իրենք համաձայնում են, իրենք չեն համաձայնում: Իրականում իրենց փոխարեն բոլորը ամեն ինչ որոշել են և իրենք, ցավոք սրտի, այս կարգավիճակի մեջ շատ հավասար են նրանց, ովքեր ոչ լսում են, ոչ տեսնում են, ոչ խոսում են, ոչ էլ հասկանում են: Նրանք ուղղակի ֆասադի մի մասն են, և, ինչպես ամեն ֆասադ, ունի ինչպես կոպիտ քարեր, որը կոչվում է «գռուբակոլ», այնպես էլ սրբատաշ քարեր»:

ԱԺ հանրապետական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց միմյանց չվիրավորել․ ֊ «Սեղանի շուրջ նստած են, մեկը մի քիչ շատ խոսեց, մեկը մի քիչ քիչ խոսեց, լռեց, թե չլռեց, իր էությամբ պատգամավոր է, թե չէ: Այդ ովքե՞ր են այդ չափանիշները որոշում: Իմ ամենավառ պատկերացման մեջ Մանե Թանդիլյանը դժվար կհամարվի թաղային հեղինակություն»:

Չնայած Դաշնակցությունը ռեյտինգային ընտրակարգը հակաժողովրդավարական է համարում, բայց այսօր իշխանական խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը, միանալով հանրապետականներին, դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքի առաջարկին։ Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցը կոալիցիոն համաձայնագրի դրույթներից է, ուստի ուզում են ռեյտինգային համակարգից հրաժարվելու հարցը համալիր փոփոխությունների համատեքստում քննարկել։

Նաիրա Զոհրաբյանն այսօր հայտարարեց՝ Դաշնակցության հետ ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն կար․ ֊ «Բայց դաշնակցական մեր գործընկերների մարտավարությունը՝ սպասել այնքան, մինչև կհամոզեն Հանրապետական կուսակցությանը, դա մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրա համար կարող է պահանջվել ևս 125 տարի, իսկ մենք գտնում ենք, որ այս ընտրակարգը օր առաջ պիտի փոխվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG