Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Հրապարակված տնտեսական ցուցանիշների հետևում բարեկեցության աճ չկա


Հայաստանում այս տարվա հունվարին տնտեսական ակտիվության աճը 10.2 տոկոսով ավելի է, քան 2017-ի հունվարին։

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի Երևանում կայացած 18-րդ նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կազդե՞ն արդյոք ցուցանիշների դրական փոփոխությունները քաղաքացու կենսամակարդակի վրա։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ հարուստներն ավելի կհարստանան, աղքատները՝ կաղքատանան, քանի որ Հայաստանում տնտեսությունը կենտրոնացած է մի խումբ մարդկանց ձեռքում։

«Սա հենց բերում է նրան, որ սոցիալական բևեռվածություն, անհավասարություն․․․ սոցիալական դաշտում գործող մեխանիզմները թույլ չեն տալիս, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ ավելի քիչ ապահովված էին, տնտեսական արդյունքից օգտվեն: Սա ամենամեծ խնդիրն ա, որ պետք է կարողանա լուծել իշխանությունը՝ եթե, իհարկե, այդպիսի ցանկություն ունի: Որովհետև սա ավելի շատ կապված է քաղաքական կամքի դրսևորման հետ»:

Տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանը ևս ընդգծում է, որ հրապարակված տնտեսական ցուցանիշների հետևում բարեկեցության աճ չկա․ - «Քանի որ կա եկամուտների բևեռացվածություն․․․ Եթե, օրինակ, մի քանի հարուստներ ավելի հարստանան 20 տոկոսով, և աղքատները, օրինակ, աղքատանան 5 տոկոսով, սա կարող է բերել տնտեսական ակտիվության, օրինակ, 10.1 տոկոսանոց աճի, բայց որակական առումով կարևորագույն հենքը՝ մարդը, երկրի բնակիչը դրանից որևէ կարգի բարեկեցություն կամ գնողունակ պահանջարկ չի ավելացրել․․․»

Վարչապետը նաև նշել է, որ 2017-ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 26․1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44․6 տոկոսով, ներմուծումը՝ 19․1 տոկոսով է ավելի, քան նախորդ տարի էր։

Լավատեսական թվերի հետևում նախկին տարիների անկումային ցուցանիշներն են։

Նույն ԱՎԾ տվյալների համաձայն, 2013-ից սկսած Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է։

Արտակ Մանուկյանն է մեկնաբանում․ ֊ «2016-ին նոր միայն եկել ենք 2013-ի մակարդակն ենք ապահովել: Եվ 2017-ին տարին բարենպաստ է եղել․․․ Հիմա, եթե մենք ուսումնասիրենք, կլինի ոչ թե 26.1 տոկոսանոց տարվա հետ համեմատած աճ, այլ, եթե 13-ից ուսումնասիրենք, կլինի մոտավորապես 7 տոկոս տարեկան միջինում աճ»:

Տնտեսագետի կարծիքով, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության աճի հիմնական գործոնը «վերաարտահանումն է», երբ պատժամիջոցների տակ գտնվող երկիր հայկականի անվան տակ մտնում է երրորդ երկրի արտադրանքը․ - «Իհարկե, սա որոշակիորեն լավ է: Տրանսպորտային ընկերությունների համար որաշի հավելյալ եկամուտների կամ հնարավորություն է ստեղծում: Բայց եթե մենք կոնյունկտուրային նայենք, տնտեսության մեջ սրանից հավելյալ արդյունքը շատ քիչ ա լինում: Որովհետև էնպես չի, որ դու քո երկրի ներսում արտադրված ինչ-որ մի բանն ես ստանում, դրանով պայմանավորված աշխատողի աշխատավարձն ա աճում և այլն»:

Վահագն Խաչատրյանը փաստում է, որ տնտեսական աճի հիմնական գործոնը հանքարդյունաբերությունն է, որում ներգրավված մարդիկ մոտ 10 հազար են: Մինչդեռ հասարակության ավելի լայն խավերն ընդգրկող ոլորտներում աճի տեմպերը լավատեսական չեն, և ստացվում է, որ օրինակ գյուղատնտեսությամբ զբաղվողները, մեծ հաշվով, օգուտներ չեն քաղում 10.2 տոկոսանոց տնտեսական ակտիվությունից կամ Ռուսաստան արտահանման աճից․ - «Գյուղատնտեսության մեջ 4700 հազար մարդ է աշխատում: Փաստորեն նրանց մոտ անկում է տեղի ունեցել, որովհետև գյուղատնտեսական արտադրանքի անկում է տեղի ունեցել, որովհետև գյուղատնտեսական արտադրանքի աճ չի եղել»:

Տնտեսագետները հարց են ուղղում Կառավարությանը. եթե տնտեսական աճը գերազանցում է սպասելիքները, ինչո՞ւ պետությունը չի կատարում իր սոցիալական պարտավորությունները։

Հիշեցնեմ, 2015 թվականից ի վեր Հայաստանում կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը չեն բարձրացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG