Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը մերժեց «Ելք»-ի առաջարկած հայտարարությունը Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ


Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:

Ընդդիմադիր դաշինքը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում է խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը» :

«Ելք»-ը հայտարարության նախագծով նաև առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։

Ընդդիմադիր խմբակյցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իշխանության է եկել «կեղծված և արույնով հաստատված ընտրությունների արդյունքում», մարտի 1 ֊ի իրադարձությունների ժամանակ սպանվել է 10 մարդ․ և արդեն 10 տարի Հայաստանում նախաքննությունն է ընթանում, սակայն որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվում:

«Գործով մեղարդյալ ոստիկանները, ովքեր 7-8 տարի մեղադրյալի կարգավիճակում են․․․ Եկեք ամեն ինչ թողենք, նայենք էս մարդկանց իրավունքների տեսակետից․ մարդը 7-8 տարի մեղադրյալ է, ու Հայաստանի դատական համակարգը չի ասում՝ ախպեր ջան, կամ դու մեղավոր ես, քեզ դատապարտում եմ էսինչի, կամ դու անմեղ ես, գնա քո գործին․․․ Հաջորդը՝ դատավճիռներ։ Ես իմ դատավճռի մասին եմ ասում: Դրանց հիմքում ընկած է կանխավարկածը, որ ես, օրինակ, մարդկանց նեյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկել և նրանց մղել գործողությունների․․․ Ես չեմ հասկանում, էս արդեն վեց տարի Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնությանը ներյրոլինգվիստիկ ազդեցության եմ ենթարկում, խի՞ չեն ազդվում: Կարո՞ղ ա պատվաստման դեղը գտել են, առավոտ նիստերից առաջ սրսկվում են պատվաստուքը․․․»:

Հանրապետականի պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ժամանակին խոստացել էր Մարտի 1-ի գործով «սայլը տեղի շարժել», հակադարձեց՝ շեշտելով, որ նույնիսկ եթե հայտարարության նախագիծն ընդունվի, բարձրացված մտահագություններին լուծում չի տրվելու:

Մասնավորապես, նրա խոսքով, եթե չկա գործով իհայտ եկած նոր հանգամանք, ինչպես պետք է, օրինակ, վերանայվեն ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների մեղադրական դատավճիռները․ - «Գործը վերաբացվում էր երկու հիմքով՝ նոր հանգամանքին կամ նոր երևան եկած հանգամանքին: Ուզում եք երեսունութ հատ հայտարարություն ընդունեք Ազգային ժողովում, ուզում եք ամեն օր հայտարարություն ընդունեք, քանի էդ հիմքերը չկան, էդ գործերը չի վերաբացվելու»:

Փաշինյանն արձագանքեց․ - «Նոր երևան եկած հանգամանքներ․ ինչ լավ բան ասացիք, պարոն Կոստանյան: Ռոբերտ Քոչարյանն ասել ա՝ ինչ եք ասում, այ ձերցավը տանեմ, հազարավոր կիլոմետրեր տեսագրություններ, ժամեր, ո՞վ ա շնչող, արտաշնչող․․․ նույնիսկ ընտեղ մկներև չէին կարա առանց տեսախցիկ հարցաքննվել․․․ Պարոն գլխավոր դատախազ՝ ոչ հեռավոր անցյալում, մեր Ազգային անվտանգության ծառայությունը գիտե՞ք ինչքան է նկարել․․․ Ազգային անվտանգության ծառայության գնացել֊հարցրե՞լ եք՝ հլա բեր նկարածներդ: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք: Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք: Պաշտպանության նախարարությունում շտաբ էր ձևավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները»:

Նշենք, որ նախագծով ընդդիմադիր «Ելք»-ը նաև առաջարկում է արժանապատիվ փոխհատուցում տրամադրել զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին և վնասվածքներ ստացած քաղաքացիներին: Այս կետի հետ կապված Գևորգ Կոստանյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, թե դեռևս 2014 թվականից սկսած Մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են պետությանը դիմել փխահատուցում ստանալու համար․ - «Արդեն 14 թվականից կա օրենք, ըստ որի Մարտի 1-ի արդյունքում զոհված, սպանված անձի իրավահաջորդը այսօր ևս, անկախ նրանից ինքը այսօրվա քրեական գործով ճանաչված է որպես տուժող, թե ոչ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի հիմքով արդեն իրավունք ունի դիմել փոխհատուցման համար»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց․ - «Բա էդ որ մեզ ասում եք Մարտի 1-ի զոհերը կարող էին օգտվել էդ իրավունքից, բա Դուք Գլխավոր դատախազ էիք, Մարտի 1-ի զոհերի հարազատներին ընդունել էիք․․․ Ինչո՞ւ չեք ասել՝ հարգելի հարազատներ, էս ի՞նչ եք էս ընդդիմության խելքին ընկել, օրենքը մեծամասնությունը ընդունել ա, փոխհատուցումը, հլը մեր իրավաբաններին էլ կասենք, ձեզ կաջակցեն․․․ Մի մասը ընտանիքի միակ կերակրող են եղել այդ զոհերը, և ըստ էության էդ ընտանիքները չքավոր վիճակում են: Բա ինչի՞ չեք ասել էդ ամեն ինչը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG