Մատչելիության հղումներ

«Զվարթնոցի» հին շենքը քանդելու մասին նախագիծ է ներկայացվել


Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է քանդել սովետական մոդեռնիստական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը համարվող «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը:

Իրավական ակտերի հրապարակման e-draft կայքում տեղադրված նախագծում հին շենքի քանդումը կապվում է օդանավակայանի նստեցման հատվածի ընդլայնման հետ: Ըստ այդմ՝ «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» նախագծում նշվում է՝ նստեցման հատվածը ծրագրվում է ընդլայնել, քանի որ առաջիկա տարիներին ուղևորահոսքի աճ է ակնկալվում: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: «Հին շենքի քանդում» ենթավերնագրի տակ գրված է․ «Հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընդլայնման նոր նախագիծը Կառավարությանը ներկայացնելուց և քաղաքապետարանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո»:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նախագիծը դեռ քննարկման փուլում է, նախ պետք է քաղաքապետարանի թույլտվությունը ստանան: - «Շենքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և համապատասխան մարմինները պետք է որոշեն՝ շենքը քանդել թե ոչ: Իսկ համապատասխան մարմինը քաղաքապետարանն է: Ինքն է որոշում՝ շենքը քանդել, թե ոչ», - մանրամասնեց նա:

«Ազատության» գրավոր հարցմանը, թե արդյո՞ք հին շենքի քանդման համապատասխան թույլտվություն տրվել է, քաղաքապետարանից պատասխանեցին․ - «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի նստեցման հատվածի քանդման համար Երևանի քաղաքապետարան հայտ չի ներկայացվել, հետևաբար նշվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի տրամադրվել»:

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քանդվող հատվածը վթարային վիճակում է:

Մինչդեռ ճարտարապետները հակադարձում են՝ շենքը բարձիթողի վիճակում է եղել, ներդրումներ չեն արվել՝ վերանորոգման համար: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նկատում է․- «Եթե վթարային է, բերեք ամրացնենք: Ամրացնելու փող չկա՞: Մենք շատ այլ տեղեր ենք փող ծախսում, կարևոր ու անհրաժեշտ տեղերում ասում ենք փող չկա»:

Շենքի քանդման աշխատանքների վերաբերյալ քննարկում չի եղել ճարտարապետների հետ, նրանց կարծիքը հաշվի չի առնվել, ասում է «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը․- «Երբ չեն դիմում հեղինակներին հաշվարկելիս, ուրեմն հաստատ պատվեր են կատարում»:

«Զվարթնոց»-ի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, իր հերթին նախագիծ է մշակել, որով հնարավոր է հին շենքի շահագործումը: - «Այս երկու հարկում գտնվում են կայանատեղիներ: Այս կայանատեղիներն են, որ ռեզերվային տարածքներն են, որոնք հնարավորություն են տալիս վերաօգտագործման դնել օդանավակայանը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Թարխանյանը:

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը, ով տարիներ շարունակ պայքարում է Զվարթնոցի հին շենքի քանդման դեմ, անգամ առաջարկում է՝ պատրաստ է ինքը ևս ֆինանսական ներդրում անել՝ շենքը վերանորոգելու և պահպանելու համար: ֊ «Երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով՝ պետք է պնդել․ պատմամշակութային արժեքը չպետք է քանդել», ֊ ասում է Հայկ Բիանջյանը: ֊ «Ես զարմանում եմ, թե ոնց ինչ֊որ մի բիզնեսմենի մտքով չի անցել շենքը դարձնել գոնե մի ժամանցային վայր: Ես համաձայն եմ, թող ինչ ուզում ա՝ դառնա, բայց շենքին ձեռք չտան: Շենքն ի պահ է տրված, ոչ թե քանդելու: Շենքը բացեք տեսեք, թե ինչպես է եղել 80-ականներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG