Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Մարտի 1»-ի վերաբերյալ «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը


Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը։

Նախագծով խմբակցությունը առաջարկում է խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»:

Իրավապահ մարմիններից պահանջվում է «սեղմ ժամկետներում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին»։

Նախագիծն անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, «քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու և կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին»։

«Ելք»-ը Գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

Խմբակցությունը նշում է, որ պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG