Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյան․ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Հայաստանը դիմավորում է անորոշության մեջ


Ղարաբաղյան շարժման երեսնամյակը, ըստ կալանավորված ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի, Հայաստանը դիմավորում է անորոշության մեջ:

«Անորոշության մեջ է», - այսօր դատական նիստից առաջ «Ազատության» հարցին արձագանքեց արդեն մեկուկես տարի կալանքի տակ գտնվող Ղուկասյանը: - «Պարզ չի, թե ինչպես կարող ենք ճանաչել անկախությունը Արցախի: Անզոր է մեր իշխանությունը»:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով․ այն բանի համար, 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության Էրեբունու գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել է պահել պատանդներին: Սակայն, ըստ դատախազության, Ղուկասյանը իր մտադրությունը ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ պատճառներով:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրական կողմի հրավիրած մի քանի տասնյակ վկաներից մեկը: Նա նշեց, թե Անդրիաս Ղուկասյանին անձամբ չի ճանաչում, Ազատության հրապարակ էր եկել հանրահավաքին մասնակցելու, կոչեր չի լսել, ապա հավաքվածների հետ շարժվել է դեպի Սարի թաղ․ - «Հետաքրքրությունից դրդված գնացի միացա ցույցին՝ տեսնեմ ինչ ա կատարվում, ոնց ա կատարվում»:

Այս գործում առանցքային հարցերից մեկն է՝ արդյո՞ք քարեր նետվել են դեպի ոստիկանները, այդ քայլերը նետվել են ոստիկանական գործողություններից առա՞ջ, թե՞ հետո, ովքե՞ր են նետողները: Վկան ասաց, թե ինքը քար չի նետել, տեսել է մի քանի հոգու, ովքեր քարեր են նետել այն բանից հետո, երբ ոստիկանները սկսել են պայթուցիկներ օգտագործել․ - «Սկզբից ոստիկանները փորձեցին թեթև վախեցնել, հետո մինչև ուժգին կրակոցները․․․ քարերը էդ միջակայքում ա եղել: Սկզբից ոստիկանները մի երկու անգամ փորձեցին հրահրել, կամ վախեցնել, ցրել, այդ ընթացքում ա եղել»:

Վկայի խոսքով՝ ինքը լսել է, որ երթի մասնակիցները կոչեր են արել քարերով չհարվածել ոստիկաններին: Հարցրին, թե արդյոք երթի ընթացքում խոսք եղել է հնարավոր սադրիչների մասին, նա պատասխանեց, թե կարող է ենթադրել, որ ցույցի մասնակիցների շարքում եղել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, քանի որ նրանք «ավելի մեղմ վերաբերմունքի» էին արժանանում:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը դատարանում հայտարարեց՝ թեև մեղադրանքը նշում է, որ տասնյակ մարդիկ քարեր են նետել, իսկ ոստիկանները իրենց ցուցմունքներում շեշտել են, որ քարեր նետողների են բերման ենթարկել, սակայն դատարանի դահլիճում այդպես էլ այդ քարեր նետողները չեն հայտնվում:

«Ովքե՞ր են քարեր նետել Սարի թաղում և որտե՞ղ են նրանք», - հարց բարձրացրեց Մեջլումյանը: - «Միջնորդություն եմ անելու, որպեսզի այդ անձանց տվյալները դատարանը պահանջի, իրենց հարցաքննենք, այդ մարդիկ ասեն՝ քար նետե՞լ են, թե՞ չեն նետել իրենք․․․ Որովհետև ոստիկանների ցուցմունքները ակնհայտորեն խնդիր է․ ասում են՝ քար նետողներին մենք բերման ենք ենթարկում, [բայց] փաստորեն այդ մարդիկ չկան այստեղ, գործով չեն անցնում: Կա՛մ սադրիչ են եղել, կա՛մ սուտ ցուցմունք է՝ տպավորություն ստեղծելու, որ քար նետողներ են եղել։ Այս տղային էլ էին քար նետելու համար փաստորեն բերման ենթարկել որպես կասկածյալ: Բայց էլի բաց են թողել, ու ինքը ասում ա՝ չեմ նետել»:

Վկան նաև պատմեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել․ ասաց, որ արդեն տուն էր գնում ու տաքսի էր նստել, սակայն իրեն տաքսուց հանել են և ոստիկանական մեքենա են նստեցրել, ինչի հետեւանքով նաև կապտուկներ է ստացել: Կապտուկների մասին, սակայն, հաղորդում սակայն չի տվել՝ լրացուցիչ քաշքշուկների մեջ չընկնելու համար: Հարցաքննվել է առանց փաստաբանի, երեք օր պահվել է Աբովյան քաղաքի ձերբակալավածների ժամանակավոր պահման վայրում:

Այս վկայի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Թեև մեղադրանքի կողմի մոտ չորս տասնյակ վկաներ դեռ պետք է հարցաքննվեն, սակայն նրանք չեն շտապում դատական նիստերին ներկայանալ, ուստի հաջորդ դատարան նիստի համար Կարեն Մեժլումյանը միջնորդեց հրավիրել պաշտպանական կողմի վկաներից Եղիշե Պետրոսյանին: Դատարանը նշեց, որ կծանուցի նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG