Մատչելիության հղումներ

Էրդողան. «Առաջիկա օրերին թուրքական ուժերը կշրջապատեն Աֆրին քաղաքի կենտրոնը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայի տարածքում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, Հաթայ, հունվար, 2018թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայի տարածքում թուրքական զինուժի «Ձիթենու ճյուղ» գործողության շտաբում, Հաթայ, հունվար, 2018թ․

Երեկ Թուրքիայի նախագահը հեռախոսային բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ:

Մինչ այս պահը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը քրդաբնակ Աֆրինի շրջան դեռ մուտք չեն գործել: Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Աֆրինի քրդական վարչակազմն ու պաշտոնական Դամասկոսը կարողացել են համաձայնության գալ, և կառավարական բանակի ստաբաժանումները ուր որ է մուտք են գործելու թուրքական հարձակմանը դիմակայող Աֆրին: Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը երկուշաբթի օրվա երկրորդ կեսին նույնիսկ հատուկ հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, թե «կառավարական զորքերը մուտք են գործում Աֆրինի շրջան թուրքական հարձակմանը դիմակայելու նպատակով»:

Reuters-ի փոխանցմամբ, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան կարողացել է դիվանագիտական միջոցներով կանխել սիրիական բանակի մուտքը Աֆրին: Երկուշաբթի օրը Էրդողանը հեռախոսային բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ, որոնց հետ քննարկել էր հենց Աֆրինում ստեղծված կացությունը: Դիվանագիտական այս ջանքերին, ըստ Էրդողանի, հաջորդելու է «Ձիթենու ճյուղ» գործողության որոշիչ փուլը:

«Սրան զուգահեռ՝ մենք հստակ գործողություններ ենք նախապատրաստում [ռազմի] դաշտում: Առաջիկա օրերին մեր ուժերը ամբողջությամբ կշրջապատեն Աֆրին քաղաքի կենտրոնը և ահաբեկչական կառույցների անդամներին կքշեն այս տարածաշրջանից», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Բայց եթե Էրդողանը միանշանակորեն պնդում է, թե կարողացել է դիվանագիտական ճնշում գործադրելով թույլ չտալ, որպեսզի Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները մուտք գործեն թուրքական հարձակման թիրախ հանդիսացող Աֆրին, ապա արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գերադասում է առավել զգուշավոր գնահատականներով հանդես գալ:

«Սիրիական վարչակազմի ուժերը դեռևս մուտք չեն գործել Աֆրին, և հայտնի չէ՝ ընդհանրապես մուտք կգործե՞ն, թե՞ ոչ: Առայժմ հակասական տեղեկություններ են ստացվում: Բավական լուրջ լրատվամիջոցներ երեկ հաղորդեցին այդ մասին, բայց [սիրիական] կառավարության ներկայացուցիչները հետագայում հերքեցին այդ լուրերը: Այս պահին անկհայտ է, որ Աֆրինում սիրիական բանակի ստորաբաժանումներ չկան», - հայտարարում էր Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարաը Kanal 24 հեռուստաալիքի եթերում:

Պաշտոնական Մոսկվան իր հերթին կոչ է անում թուրքական իշխանություններին ուղղակի դիվանագիտական շփումների մեջ մտնել Դամասկոսի հետ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, ուղղակի թուրք-սիրիական խորհրդակցությունները կօգնեն քրդական խնդրի այնպիսի լուծմանը, որ ձեռնտու կլինի հենց թուրքական կողմին․ - «Ես համոզված եմ, որ անվտանգության ապահովմանն ուղղված Թուրքիայի օրինական շահերը հնարավոր կլինի ապահովել Սիրիական Արաբական Հանրապետության կառավարության հետ ուղղակի երկխոսության միջոցով: Հուսով եմ, որ մենք բոլորս կընդդիմանանք քրդական խնդրի հետագա շահարկման փորձերին: Դրանց իրական նպատակը տարածաշրջանում քաոսի պահպանումն ու խորացումն է, ինչպես նաև [տարածաշրջանի] պետությունների մասնատումն ու փլուզումը»:

Թուրքական կողմը, սակայն, առայժմ գերադասում է խոսել ոչ թե երկխոսության, այլ ռազմական լուծումների մասին: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Ազգային անվտանգության խորհրդի` երեկ երեկոյան կայացած նիստի ավարտին հայտարարեց, որ թուրքական բանակի վերջնական նպատակը Մանբիջի գրավումն է: Հիշեցնեմ, որ այս շրջանում ամերիկյան ստորաբաժանումներ են տեղակայված:

«Եթե մենք չկարողանանք ամերիկացիների հետ բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալ, միևնույն է, վերջին խոսքը Թուրքիային է պատկանելու: Թուրքիան կզտի այդ տարածքը ահաբեկիչներից, ինչպես դա անում է Աֆրինի պարագայում: Մենք սակայն հուսով ենք, որ այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել երկխոսության միջոցով, և նման գործողությունների կարիք պարզապես չի զգացվի» -հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG