Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ 1988-ի փետրվարի 20-ը դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր», - հայտարարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իր ուղերձում:

«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր: Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով: Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի: Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր», - ընդգծում է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում»:

«Ղարաբաղյան շարժումը պատմության որոշակի փուլում պետք է փոխակերպում ապրեր: Պետականության հռչակմամբ շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն: Համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը մեր երկու հայկական պետություններն են», - ասված է ուղերձում:

«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես», - շեշտում է Սերժ Սարգսյանը:

«Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է», - ասված է ուղերձում:

«Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք: Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՜ Ղարաբաղյան շարժման ծնունդ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՜ն Ղարաբաղյան շարժման առաջամարտիկները», - իր ուղերձը ամփոփում է Հայաստանի նախագահը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված անհավասար և արյունալի պատերազմը է՛լ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը, միավորեց համայն հայությանը մեր պապենական հողը պաշտպանելու և նրա իրական տերը դառնալու գործում: Այդ միասնության ու համախմբվածության, մեր ժողովրդի հայրենասիրության և ազատատենչ ոգու շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել սանձազերծ հակառակորդին, այլև տոնել մեծ հաղթանակներ»:

«Եվ այսօր՝ 30 տարի անց, կարող ենք հպարտորեն արձանագրել, որ մեր ժողովրդի ընտրությունը ճիշտ էր, որ մենք այլ ճանապարհ չունեինք: Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին հերոսաբար պաշտպանեցինք վտանգված հայրենիքը, վերականգնեցինք ավերված տնտեսությունը և ստեղծեցինք կայուն հիմքեր նրա հետագա զարգացման համար, կազմավորվեց Պաշտպանության բանակը, որը դարձավ ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը, ծնվեց ու դաստիարակվեց մի սերունդ, ում համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը բացառիկ արժեքներ են», - Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG