Մատչելիության հղումներ

Որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է. Դավիթ Հարությունյան


Որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է, այսօր հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ:

Հիշեցնենք, այդ մասին բարձրաձայնում են մի շարք փաստաբաններ՝ պնդելով, որ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից՝ ուղիղ ընտրությամբ։ Նա նշում է, որ Սահմանադրության այն գլուխները (124-րդ և 125-րդ հոդվածները), որոնք ներկայացնում են նախագահ ընտրելու նոր կարգը, ուժի մեջ են մտնում միայն 4-րդ նախագահի պաշտոնավարման օրը, իսկ մինչև այդ 4-րդ նախագահը պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ՝ այսինքն ոչ թե Ազգային ժողովի, այլ ուղիղ՝ համապետական ընտրությամբ։ «Փաստում եմ, որ այս պահի դրությամբ առկա է սահմանադրական ճգնաժամ»,- ասել է Գյոզալյանը։

Նախարարը հակադարձեց՝ ասելով՝ անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում է նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125 հոդվածն այս ձևով սահմանափակում է իրականացնել հանրապետության նախագահի ընտրություն Ազգային ժողովում։

«125 հոդվածն, այո՛, ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, անցումային դրույթներում նպատակ կար, որպեսզի հանրապետության նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125 հոդվածով սահմանված կարգավորումներով։ Նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125 հոդվածով նախատեսված մեխանիզմով, այլ փոքր-ինչ այլ, և անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125 հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125 հոդվածը։ Այսպիսի հասկացություն կա՝ incorporation by reference, այսինքն՝ հղում ես կատարում մեկ այլ հոդվածի, մենք կյանք ենք տվել125 հոդվածի փոփոխված տարբերակին 211 հոդվածով։ Սա շատ պարզ է, նայեք էդ աչքերով՝ առանց մտնելու խուճուճ իրավական ձևակերպումների մեջ, և դուք կտեսնեք, որ ամեն ինչ շատ պարզ է, և որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է», - ասաց Դավիթ Հարությունյանը այսօր ասուլիսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG