Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի անդամներին դատարանում ծեծի ենթարկելու գործով ցայսօր կասկածյալներ անգամ չկան


Շուրջ ութ ամիս է, իրավապահները ո՛չ մեղադրյալի, ո՛չ էլ անգամ կասկածյալի չեն ներգրավել «Սասնա ծռեր»-ին դատարանի նկուղում ծեծի ենթարկելու գործով:

Հատուկ քննչական ծառայությունից այսօր «Ազատությանը» միայն փոխանցեին, որ նախաքննությունը շարունակվում է:

Որպես «Միայնակ գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, այնինչ, ասում է՝ գործով տեղաշարժ դեպքից ժամեր անց պետք է լիներ․ - «Ըստ էության որևէ գաղտնիք չկար էս գործում: Անձանց շրջանակը շատ պարզ էր, միջադեպը տեղի էր ունեցել խիստ սահմանափակ, փոքր տարածքում, ընդ որում, այս փոքր տարածք կոչվածում մուտք ունեին սահմանափակ քանակով անձինք: Այսինքն, այստեղ որևէ խնդիր չկար անհապաղ, «տաք հետքերով» բացահայտել»:

Ավելին, Պապիկյանը հիշեցնում է, որ բռնությունների ենթարկված մեղադրյալները, որպես ծեծի կազմակերպիչ և իրականացնող, մատնացույց են արել ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին:

Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, որ դեպքի օրը փոխգնդապետի կոչում ունեցող Ղազարյանը ամիսներ անց՝ անցած տարվա դեկտեմբերին կոչումի բարձրացում է ստացել՝ դառնալով գնդապետ:

Որպես փոխգնդապետ Արմեն Ղազարյանը ծառայել է հինգ տարուց ավելի:

Արայիկ Պապիկյան․ - «Ոչ միայն չկասեցվեց, նրան դատավարական կարգավիճակ չտրվեց․․․ նա պաշտոնի բարձրացում ունեցավ: Սա իշխանության կողմից վարձահատույց լինելն էր իրեն շատ անձնվիրաբար և օրենքից դուրս ցանկացած ձևով ծառայություն մատուցելու համար»:

Անցած տարվա հունիսի 28-ի դատական նիստի օրը, երբ ոստիկանները ուժի գործադրմամբ մեղադրյալներին դուրս էին տարել դահլիճից, ժամեր անց փաստաբանները տեսակցել էին նրանց: «Սասնա ծռեր» խմբի չորս անդամներ՝ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը պատմել էին դատարանի նկուղում դաժան ծեծի մասին:

Փաստաբանը հիշեց․ - «Երբ այցելեցի Խանդոյան Արայիկի մոտ, բառեր չեմ գտնում ներկայացնելու, թե ինչ վիճակում էր գտնվում և ինչպիսի կտտանքների էր ենթարկվել:10-15 մարդ, ովքեր հերթով էին նրան ծեծել․․․ Շատ դժվարությամբ էր նա կարողանում իրավիճակը ներկայացնել»:

Հարուցված քրեական գործը 309-րդ հոդվածի 2-րդ կետով է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:

«Սասնա ծռեր»-ը տուժող են ճանաչվել, Ոստիկանությունը հայտարարել է, թե իրավապահները «համաչափ ուժ են կիրառել»։

Արայիկ Պապիկյանն ասում է, որ եթե միայն մեկ մեղադրյալ ծեծի ենթարկված լիներ, գուցե հավատար, որ իշխանությունների պատվերը չի եղել․ - «Պլանավորված և շատ բարձր անձանց կողմից թույլտվությամբ կամ հրահանգով է դա կատարվել: Երկրորդ, ուղղակի հրահանգը, որ ուղղակի հավաստի աղբյուներից մենք իմացանք, դա Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի հացադուլի հետ կապված խնդիրն էր:Եվ կար հրահանգ՝ խնդիրը չլուծել՝ հացադուլի հետևանքով նրան ցավալի իրավիճակը հասցնելու»:

««Սասնա ծռեր»-ի նկատմամբ հատուկ վատ վերաբերմունք է», - համոզված է փաստաբանը՝ վատատեսական գնահատականներ հնչեցնելով, թե կպատժվեն դատարանի նկուղում ծեծի հեղինակները․ - «Երբ իր շահերը սպասարկող ոստիկանական ուժերը կամ իրավապահ մարմինները նման երևույթներ են թույլ տալիս, ներկայիս իշխանությունը երբևէ նրանց պատասխանատվության չի ենթարկի»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նախորդ շաբաթ հրապարակած զեկույցում աննախադեպ էր որակել այս միջադեպը: Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը աղաղակող խայտառակություն է որակում սա․ - «Դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ ծեծ ու ջարդը աննախադեպ երևույթ է՝ գուցե նաև համաշխարհային պատմության մեջ»:

Դատարանի նկուղում տեղի ունեցածին էր անդրադարձել նաև միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով «շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն» իրականացնել և «պատժել մեղավորներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG