Փոստանջյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր դիմել է Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ շեշտելով , որ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով:
Մասնավորապես «ծեծի» և «խուլիագնության» հոդվածների փոխարեն, պետք է քրեական գործ հարուցվեր «իշխանության ներկայայցուցչի նկատմամբ բռնություն գորադրելու», «իրավահավասարությունը խախտելու», «կուսակցության գործունեությունը խոչընդոտելու», ինչպես նաև Տարոն Մարգարյանի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածներով:
Նշենք, որ ոստիկանությունը Երևանի ավագանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցել 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:
«Մենք գտնում ենք, որ տեղի է ունեցել միտում, դիտավորություն՝ կոծկելու հանցագործությունը: Եվ այստեղ ակնհայտ է, որ միայն ծեծ և խուլիգանության մասին չէ խոսքը, սրանք մեղմ որակումներ են: Մինչդեռ պետք է որակումը տեղի ունենար այլ հոդվածներով: Մասնավորապես․ մենք ներկայացնում ենք Երևանում իշխանություն, Երևանի ինքնակառավարման մարմնում ենք ընտրված՝ որպես ավագանու անդամներ: Եվ մենք ընդգրկված են քաղաքական կուսակցության կողմից՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ենք ներկայացնում: Իսկ այս պարագայում ակնհայտ է, որ տեղի է ունեցել մեր նկատմամբ խտրական մոտեցում, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 143 հոդվածով, այսինքն՝ իրավահավասարության խախտում է տեղի ունեցել: Նիստը վարողը, որի իրավասությունների ներքո է գտնվում այնպես վարել նիստը, որ նիստը ընթանա բնականոն ընթացքով, նա ընդհակառակը, հրահրել է այս ամենը․․․ Եվ բացի այն, որ հրահրել է, նաև նախաձեռնողն է եղել բռնությունների իարականցման: Խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է», - պարզաբանեց Փոստանջյանը:
Հաջորդը, նրա խոսքով, 316 հոդվածն է․ - «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն իրականացնելը: Մենք այստեղ որպես իշխանության ներկայացուցիչ էինք հանդես գալիս․․․ Դեռ ավելին՝ խտրական մոտեցումը ցուցաբերվել է մեր քաղաքական դիրքորոշման համար․․․ Այս հոդվածներով պետք է տեղի ունենա նախաքննությունը: Նաև՝ Տարոն Մարգարյանի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահման մասով նաև պետք է որակում տեղի ունենա: Հանցակազմ կա, որովհետև նա իր պաշտոնական դիրքը չարաշահելով է ենթակա աշխատակիցներին ասել, որ նրանք հարձակվեն մեր վրա: Այսինքն, այս չորս հոդվածները պետք է առնվազն լինեն քրեական գործով»:
Հարցին, թե մտավախություն ունի արդյոք, որ մասնավորապես խուլիգանության հոդվածն ուղղվի իրենց խմբակցության անդամների դեմ, Փոստանջյանն ասաց․ - «Ես նման մտավախություն չունեմ, որովհետև մենք որևիցե քրերորդ հետապնդելի արարք թույլ չենք տվել»: