Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանում. լրագրողներին դուրս հանեցին տարածքից


Երևանի քաղաքապետարանում այսօր լարված իրավիճակ էր: Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը ոստիկանների ուղեկցությամբ լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աշխատասենյակ և նրա հետ հարցազրույց վարել:

Նկատենք՝ նախապես լրագրողներին թույլ էին տվել շենք մուտք գործել՝ այսպես կոչված ընդունված կարգի համաձայն: Ըստ այդմ, Փոստանջյանը լրագրողներին դիմավորեց քաղաքապետարանի մուտքի մոտ և ուղեկցեց ներս: Սակայն քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը դիմեց իրավապահների օգնությանը այն բանից հետո, երբ Զարուհի Փոստանջյանը լրագրողներին փորձեց ցույց տալ, թե ինչ մթնոլորտ է ստեղծվել քաղաքապետարանում փետրվարի 13-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:

Նախ՝ ընդդիմադիր գործիչը ցույց տվեց քաղաքապետարանի կայանատեղին, որտեղ բազմաթիվ մեքենաներ կային կայանված, մինչդեռ «Երկիր Ծիրանիի» ծառայողական մեքենայի մուտքը տարածք փետրվարի 13-ի միջադեպից հետո արգելվել է:

«Առանց որևիցե պատճառաբանության՝ ասում են, որ ցուցակի մեջ չկա», - լրագրողներին պատմեց Փոստանջյանը: - «Մինչդեռ խուլիգաններ և այլ անձինք, ովքեր նույնիսկ այս քաղաքապետարանում աշխատակից չեն, բայց նրանք մուտք են գործում այստեղ»:

Ապա Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ուղեկցեց, իր իսկ փոխանցմամբ, վարորդների սենյակ՝ ասելով, որ այստեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչով են զբաղվում, բայց փոխարենը մշտապես թղթախաղով են զբաղված:

«Սա հիմնականում այդ բոլոր ձրիակերներն են, ովքեր հանրության գումարների հաշվին աշխատում են որպես թիկնապահ, կամ վարորդ, կամ ուղեկցորդ, հարկն եղած դեպքում նաև՝ բռնության կիրառող: Այդպիսի մարդիկ այս սենյակում են և այստեղ տարբեր սենյակներ կան և այդ սենյակները բոլորը, ըստ էության, կարող են նաև այսպիսի խաղատան խաղասենյակի համար ծառայել», - պատմեց ընդդիմադիր գործիչը:

Երբ տեսախցիկները արձանագրում էին այդ ամենը, տեսանկարահանմանը փորձեց խոչընդոտել քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգայնը, պնդելով, թե Զարուհի Փոստանջյանը կարգ է խախտել, նա չի կարող լրագրողների հետ շրջել քաղաքապետարանում և պետք է լրագրողների հետ շփվի բացառապես իր աշխատասենյակում: Սակայն Գևորգյանը նաև արգելեց Փոստանջյանին՝ լրագրողներին ուղեկցել իր աշխատասենյակ: Ընդդիմադիր գործիչը զգուշացրեց Գևորգյանին՝ «Դուք խոչընդոտում եք լրատվամիջոցների աշխատանքը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»:

«Որևէ տեղ չեք կարող գնալ: Ոստիկաններին խնդրում եմ միջամտել: Որևէ լրագրող իրավունք չունի Երևանի քաղաքապետարանի շենքում առանց մեր թույլտվության, հատուկ կանոնակարգի մտնելու և պտտվելու: Խնդրում եմ դուրս գալ», - հրահանգեց Գևորգյանը:

«Ազատության» հարցին՝ իր հրահանգը ուժի մեջ է անգամ եթե տիկին Փոստանջյանը ուղեկցո՞ւմ է, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը արձագանքեց․ - «Այո՛, անգամ եթե տիկին Փոստանջյանը կարող է Ձեզ ուղեկցել: Ոստիկաններին խնդրում եմ միջամտել արդեն»:

Մեր դիտարկմանը՝ «ի՞նչ է, սա փակ ռեժիմով տարա՞ծք է», Արթուր Գևորգյանը պատասխանեց․ - «Ռեժիմը սահմանվում է աշխատակազմի կողմից: Դուք չունեք նման թույլտվություն: Խնդրում եմ դուրս գալ»:

«Ազատության» հարցին՝ փաստորեն արգելո՞ւմ են հարցազրույց ունենալ Զարուհի Փոստանջյանի հետ իր իսկ աշխատասենյակում, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը պատասխանեց․ - «Քանի որ արդեն իսկ խախտել եք կարգը»:

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մինչդեռ հակադարձեց՝ որևէ կարգ չեն խախտել, քաղաքապետարանը հանրային տարածք է: Փոստանջյանը պահանջեց ցույց տալ, թե կոնկրետ ինչ կարգ է խախտվել, ինչին քաղաքապետարանի լրատվության վարչության պետը պատասխանեց․ - «Կարգը ցույց կտամ: Օրենքով սահմանված ժամկետում ես Ձեզ թույլ կտամ»:

Արձագանքելով քաղաքապետարանում այսօր տեղի ունեցածին՝ ավագանու ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ արդեն 2 ամիս է՝ իրենց չի հաջողվում գրավոր ստանալ քաղաքապետարանի ներքին կարգ ասվածը, քաղաքապետարանի պաշտոնյաները այդ կարգի մասին խոսում են միայն բանավոր: - «Եթե լիներ՝ մինչ հիմա տրամադրած կլինեին», - ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ սա լուրջ խնդիր է, քանի որ բազմաթիվ անգամ է ականատես եղել, թե ինչպես է լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը սահամանափակում լրագրողների աշխատանքը․ - «Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք այդ կարգը ստանալու համար, որպեսզի բողոքարկենք քաղաքապետարանի գործողությունները: Սա ապօրինություն է, որովհետև դրանով զգալի սահմանափակվում է ավագանու գործունեությունը: Ավագանին ազատ է քաղաքացիներ, լրագրողներ ընդունելու, ճանապարհելու և այս շենքը, որքան որ քաղաքապետարանի գործունեության համար է, այնքան էլ ավագանու գործունեության աշխատավայրն է»:

«Ազատության» ճշտող հարցին՝ ավագանու անդամը իրավունք ունի՞ իր աշխատասենյակից դուրս՝ վարորդների սենյակում լինել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ - «Նա իրավունք ունի այդ շենքում գործողություններ կատարելու: Ունենալով նաև վերահսկողական գործառույթներ՝ իհարկե՛ կարող է գնալ և ֆիքսել, թե ինչ է կատարվում»:

Հավելենք, որ այսօրվա միջադեպից հետո քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG