Մատչելիության հղումներ

«Հանրապետական խմբակցությունը պետք է ավելի զուսպ լիներ, ուժի կիրառում պետք է տեղի չունենար». Մարգարիտ Եսայան


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դատապարտելի է համարում փետրվարի 13-ին Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը։

«Երկու կողմերի պահվածքն էլ դատապարտելի է։ Բայց կարծում եմ, որ Հանրապետական խմբակցությունը պետք է ավելի զուսպ լիներ, այդուհանդերձ ուժի կիրառում պետք է տեղի չունենար։ Միանշանակ անընդունելի է սա ինձ համար։ Կանայք նույնպես պետք է զուսպ լինեին, որովհետև իրենք ավագանու անդամ են, ակցիա են արել։ Որքանով է այդ ակցիան ինձ համար ընդունելի՝ դա ուրիշ խնդիր է, ինձ համար դա անընդունելի է, բայց ակցիա են արել, որի հանդեպ պետք է համարժեք վերաբերմունք ունենալ՝ նկատի ունեմ ըմբռնումով մոտենալ», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Եսայանը։

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունն ավագանի մտնելուց առաջ։ «Երկիր Ծիրանի»-ն ասում էր, որ պետք է փորձի դժոխք դարձնել ավագանիների կյանքն ու աշխատանքը։ Ընդհանրապես քաղաքականության մեջ սեռային տարբերակումն ինձ համար անընդունելի է, կան քաղաքական գործիչներ, կա Երևանի ավագանու անդամ, և երբ որ մենք բաժանում ենք կանանց նկատմամբ բռնություն... ես ընդհանրապես գենդերային հավասարության կողմնակից եմ և չեմ սիրում, երբ որ տարբերակում են կին-տղամարդ», - ասաց Եսայանը։

Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյան

Խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամներն արեցին ամեն ինչ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցույց տալու իրենց նվիրվածությունը։

«Իհարկե կարող էր խնդիրը բացարձակ այլ կերպ լուծվել։ Այդ օրն ամեն ինչ արեցին Հանրապետականի ավագանիները՝ փորձելով Տարոն Մարգարյանին ցույց տալ իրենց ծառայությունը, դրա արժեքը և նվիրվածությունը, իհարկե, Հանրապետականի մշակույթի մեջ, բայց մենք պետք է իմանանք, որ ձեզ հետ միասին մենք պետք է պնդենք, որ այդ մշակույթը մերը չէ, և իրենք պետք է հրաժարվեն դրանից։ Բռնությունն իրականում չունի ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ ազգություն, բռնությունը ծնում է բռնություն, և դա պետք է այլևս դուրս գա մեր շփման, մեր քաղաքական մշակույթից, առհասարակ հանրության մեջից, բայց խոսելով քաղաքականության մասին՝ ավագանիների, պատգամավորների, պետք է արմատախիլ անենք։ Ովքե՞ր ենք մենք, եթե այդպես ենք մեզ պահում, այդպիսի դրսևորումներ ունենք, և մեր բնակչությունը, քաղաքացիներն, ազգը մեզ է նայում», - ասաց Թանդիլյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

«Կիրակնօրյա վերլուծականի» փետրվարի 18-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG