Թուրքիան անցած շաբաթավերջին արտգործնախարարություն է կանչել Անկարայում Նիդերլանդների գործերի հավատարմատար Էրիկ Վեստստրատեին՝ դժգոհություն հայտնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ՝ խորհրդարանում շրջանառության մեջ դրված երկու օրինագծերի վերաբերյալ:
Փաստաթղթերը, որ հեղինակել է պահպանողական Քրիստոնեական միությունը, քվեարկության են դրվելու առաջիկա շաբաթներին, ակնկալվում է, որ դրանք կընդունվեն, քանի որ իշխող չորս կուսակցություններն էլ հայտարարել են, թե պատրաստվում են կողմ քվեարկել:
Օրինագծերից մեկը 1915 թվականի իրադարձությունները որակում է որպես ցեղասպանություն, երկրորդը կոչ է անում ապրիլի 24-ը Նիդերլանդներում պաշտոնապես ամրագրել որպես հիշատակի օր:
«Թուրքիայի վերաբերմունքը 1915 թվականի դեպքերին հիմնված է պատմական փաստերի ու իրավական նորմերի վրա», - ի պատասխան հայտարարել է արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Անընդունելի է Թուրքիայի և թուրք ժողովրդի համար զգայուն այդ հարցի տարանջատումը պատմությունից: Հորդորում ենք Նիդերլանդների օրենսդիրներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կանխակալ վերաբերմունքն ու չքաղաքականացնել պատմությունը»:
Արևմտյան լրատվամիջոցները փաստում են, որ խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրինագծերը է՛լ ավելի են սրել ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները: Անցած տարի Ամստերդամն արգելել էր թուրք նախարարներին Նիդերլանդների տարածքում քարոզարշավ իրականացնել նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին, որոնք է՛լ ավելի էին ընդարձակում նրա լիազորությունները: Արգելանքից հետո Էրդողանը ոչ միայն ֆաշիստ ու նացիստ էր որակել Նիդերլանդների իշխանություններին, այլև արգելել էր Նիդերլանդների դեսպանին Թուրքիա մտնել:
Շուրջ մեկ տարի շարունակված դիվանագիտական այս սկանդալից հետո՝ շաբաթներ առաջ, Ամստերդամը հայտարարեց, թե պաշտոնապես դուրս է բերում իր դեսպանին Թուրքիայից և թույլ չի տալիս Թուրքիայի դեսպանի մուտքը Հաագա:
Նիդերլանդների արտգործնախարարությունը նաև տեղեկացրեց, որ սառեցրել է այս ճգնաժամը կարգավորելու շուրջ բանակցությունները Անկարայի հետ: «Մենք այդպես էլ համաձայնության չեկանք, թե ինչպես է պետք բարելավել կապերը», - հայտարարել էր արտգործնախարար Հալբե Զեյլստրան:
Այժմ Անկարան հրապարակավ հարաբերությունների կարգավորումը կապում է ցեղասպանությունը ճանաչող այս օրինագծերի հետ: «Այս հարցի շուրջ հետագա զարգացումները ցույց կտան, թե արդյոք Ամստերդամն ուզում է բարելավել հարաբերություններն Անկարայի հետ», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Չնայած Անկարայից հնչող այս հայտարարություններին՝ Ամստերդամում նախաձեռնությունից հրաժարվելու մտադրություն կարծես չունեն: «Մենք չենք կարող ժխտել պատմությունը՝ հնարավոր պատժամիջոցներից վախենալով, ի վերջո մեր երկրում՝ Հաագայում է գտնվում Արդարադատության միջազգային դատարանը, և մենք էլ խորհրդարանում չպետք է երկյուղենք ճշմարտությունն ասելուց», - հայտարարել է օրինագծերի հեղինակ, պատգամավոր Ջոել Վուրդեվինդը: